Լրահոս
Հասարակական
12:00
26.04.23
170

Պետք է թաղման բյուրոյի ղեկավարի հետ խոսեինք, գտնեինք դագաղագործների. Թերեզա Հովհաննիսյանը՝ մասնագիտական քայլերի, դժվարությունների և «չի կարելիների» մասին

Img default alt hy

-Թերեզա՛, ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը լրագրության աշխարհ։

-Երբ ընդունվեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, սկզբնական շրջանում մենք ստանում էինք միայն տեսական գիտելիքներ և ինձ մոտ սովորածս պրակտիկ կիրառելու ցանկություն առաջացավ: Այդ ընթացքում նկատեցի, որ հեռուստաընկերություններից մեկը հայտարարություն է տարածել, և փնտրում են պրակտիկանտներ: Երբ տեսա հայտարարուրությունը, մտածեցի՝ սա իմ ժամանակն է:

Առաջին նյութը, որ պետք է անեի, շատ թեթև էր: Ես պետք է գնայի և տեսնեի, թե հրապարակում նախատոնական տնակները հավաքվել են թե ոչ, և արդյոք մաքրվել է տարածքը տոներից հետո: Ցավոք, մի քանի ամիս հետո սկսվեց համավարակը, և մենք էլ չէինք գնում խմբագրություն, ու ես ունեցա որոշակի դադար՝ պրակտիկայի տեսանկյունից: Ավելի ուշ սկսեցի աշխատել որպես գրանցված աշխատող և լուսաբանել քաղաքական ու դատաիրավական թեմաներ: Այդ շրջանում դրանք ինձ համար ամենահետաքրքիր թեմաներն էին:

-Աշխատանքային ի՞նչ բարդությունների եք հանդիպել լրագրության ոլորտում։

-Աշխատանքային բարդություններից կառանձնացնեմ մի քանիսը։ Սռաջինը կարծրատիպերն են։ Մարդիկ լրագրողին չեն ընկալում որպես այդ մասնագիտությունը կրող մարդ, այլ որպես մի բամբասկոտ անձնավորության, այնինչ դա այդպես չէ։ Բայց ես նաև գիտակցում եմ, որ այդ դեղին մամուլը տարիներ շարունակ եղել է, կա ու կլինի և նմանօրինակ մի վատ փորձից հետո քեզ մոտ այդ վատ տպավորությունն է ստեղծվում, ու դու սկսում ես կարծրատիպային մտածողություն ունենալ լրագրողի նկատմամբ:

Մյուս բարդությունը ինձ համար այն է, որ ես ունեմ բազում հետաքրքրություններ, ու լրագրությամբ զբաղվելով՝ հաճախ չեմ հասցնում դրանցով զբաղվել։ Մեր մասնագիտությունը շատ էներգատար և ժամանակատար աշխատանք է։ Աշխատանքային օրվա սկիզբն ու վերջը աշխատանքային գրաֆիկով պայմանավորված չէ, բոլորը տոնական օրերն են նշում, իսկ լրագրողները միշտ աշխատանքի մեջ են, և դա նույնպես բարդություն է, բայց ժամանակի ընթացքում դրան էլ կարելի է սովորել։

Իրականում բավականին շատ են աշխատանքային բարդությունները, բայց ես բնավորությամբ այնպիսինն եմ, որ միշտ փորձում եմ գտնել դրականը ամեն ինչի մեջ, բայց ոլորտն իրականում բարդ է, որովհետև դու պետք է շատ կարդաս, շատ ուսումնասիրես, բազմակողմանի զարգացած լինես, միշտ պատրաստ ու սթափ լինես, պատրաստ լինես ցանկացած իրավիճակի և մարտահրավերի, ու պետք է բնավորությամբ ճկուն լինես, որպեսզի չընկրկես նրանց դիմաց։

-Ունե՞ք չի կարելիներ, որոնք չեք անի հանուն նյութի։

-Կարծում եմ՝ որևէ ոլորտում աշխատելով՝ դու չպետք է ունենաս տաբուներ ու կարծրատիպեր։ Ինձ համար ամենակարևորը աշխատանքային և միջանձնային շփման շրջանակներում մարդ մնալն է, և ամեն ոք իմ այս ասածի տակ իրենն է հասկանում: Ինձ համար շատ կարևոր է այդ նուրբ մարդկային արժեքները չոտնահարելը: Ըստ իս՝ ամենակարևորը լրագրության մեջ մարդուն չվնասելն է, անկախ նրանից՝ ինչ կա քո ձեռքերում, և ինչ կարող ես օգտագործել: Ես տարիների ընթացքում հանգում եմ այն մտքին, որ մարդն իսկապես բարձրագույն արժեք է, և դիմացինը չպետք է ոտնահարվի:

-Կնշե՞ք 3 հիմնական կետ, որոնցով առաջնորդվում եք նյութ պատրաստելիս։

-Կետերը շատ են, բայց կփորձեմ երեքն առանձնացնել։ Առաջինը դա ինֆոառիթն է, որ ես հասկանամ՝ կա՞ նորություն, որի շուրջ կարելի է կառուցել նյութը: Եթե ունենք նորությունը, այստեղ առաջ է գալիս երկրորդ կետը. դա հանրային հետաքրքրությունն է, որովհետև լրագրողը աշխատում է մարդկանց համար, և պետք է նյութերը հետաքրքրեն մարդկանց: Իսկ երրորդ կետը այն է, որ նյութը պետք է լինի իմ հետաքրքրությունների շրջանակում, որպեսզի ես կարողանամ ինտենսիվ և ջանասիրաբար աշխատել:

-Կպատմե՞ք որևէ տպավորիչ, հիշարժան դեպք նկարահանումներից։

Իրականում հիշարժան ու տպավորիչ դեպքերը շատ են, բայց ես մտաբերեցի երկու դեպք: Բակալավրիատի երկրորդ կուրսում վարպետության դասի համար պետք է նյութ պատրաստեինք դիակիզարանների մասին: Ամենատպավորիչ մասնագետների հետ էինք խոսում, օրինակ՝ թաղման բյուրոյի ղեկավարի հետ, ով մեզ պատմում էր՝ քանի հեկտար գերեզման պետք է լինի: Փորձում էինք գտնել դագաղագործների, ով կխոսեր այդ թեմայով, եկեղեցականի հետ պետք է խոսեինք, ով մեզ պետք է պատմեր՝ ինչու է Հայ Առաքելական եկեղեցին դեմ դիակիզմանը: Իրականում թեման սուր է և տխուր։

Երկրորդն այն էր, որ թափառական շների մասին ռեպորտաժ էի նկարահանում, և իմ գիտակցական կյանքում երբեք այդքան շատ շների հետ շփված չկայի ինչքան այդ ռեպորտաժի համար: Մենք փողոցներում ման էինք գալիս, որպեսզի գտնենք չստերջացված շունիկների և իրենց նկարենք, բայց ամենատպավորիչը այն էր, երբ մենք մտանք վիրահատարան, ու ես տեսնում էի, որ շունիկին սափրում են, ինչ որ գործընթաց է լինում և այլն։ Ու հետո տեսնում եմ, որ դանակը մոտեցնում են, և արդեն պատկերացնում եմ՝ ինչ եմ տեսնելու: Ես պտտվում եմ, ու դա իմ կյանքի ամենատպավորիչ տեսարաններից մեկն էր։

-Կա՞ որևէ թեմա, որ կցանկանայիք լուսաբանել, բայց դեռ չեք լուսաբանել։

-Թեմաները, որոնց կցանկանայի անդրադառնալ, բավականին շատ են, բայց ես միշտ ասել եմ, որ կգա մի օր, ես կթողնեմ ակտիվ լրագրությունը ու հետաքննական նյութեր կանեմ: Ինձ շատ հետաքրքիր է՝ ինչ վիճակում են մեր կալանավայրերը, մանկական գաղութը, կանանց գաղութը, ու նկարահանել այդ ամենը, գտնել մարդիկ, որոնք ժամանակին կալանավորված են եղել, ու կպատմեն իրենց անցկացրած օրերի մասին: Ես շատ եմ ուզում ռեպորտաժներ պատրաստել հոգեբուժարանների մասին, ինչ վիճակ է տիրում այնտեղ, և ինչ պայմաններում են մարդիկ ապրում:

-Եթե ոչ լրագրող, ապա՝…

-Եթե ոչ լրագրող, ապա, վստահաբար, թատրոնի դերասանուհի:

-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք լրագրության ոլորտում դեռ նոր քայլեր անող երիտասարդներին։

-Եթե անկեղծ, ես խորհուրդներ տալ չեմ սիրում, բայց կփորձեմ մի քանի բան առանձնացնել: Առաջիններից մեկը շատ կարդալ՝ ճկուն միտք ունենալու համար, շատ նայել արտասահմանյան ռեպորտաժներ, հետաքննական ֆիլմեր, նայել իրենց հարցազրույցների, փոդքաստների ֆորմատը, որովհետև դա շատ է օգնում: Չհաշվել ժամերի քանակը, որոնք անց եք կացնում խմբագրությունում, շատ աշխատել, ինքնազարգանալ, ունենալ կարևոր նպատակներ և առաջնահերթություններ կյանքում, որոնցից նեղ մասնագիտականը դա լավ լրագրող լինելն է։

Մարիամ Թեյմուրազյան