Լրահոս
Հասարակական
10:48
13.10.22
344

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի

Img default alt hy

Այսօր կառավարության հերթական նիստը սկսվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցի քննարկմամբ, որը ներկայացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար և այն պայմանավորել զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով: Նախագծերի համաձայն ատեստավորմանը պաշտոններ զբաղեցնող պայմանավագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը: Հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի անցնելու օրվանից»,-ներկայացրել է նախարարը:

Պաշտպանության նախարարը հավելել է, որ հավելավճարի չափը սահմանվելու է կառավարության որոշմամբ: Խնդրել է օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնել ԱԺ հաստատմանը՝ նախագծերի ընդունումը համարելով անհետաձգելի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ խոսքը պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է: Անցնելու են նույն ճանապարհը, ինչ ուսուցիչների դեպքում էր, այն տարբերւթյամբ, որ պայմանագրային զինծառայողների պարագայում աշխատավարձի չափը էական կտարբերվի:

«Մենք հայտարարել ենք, որ անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի, և սա բանակի բարեփոխումների հայեցակարգի կարևոր մասն է, և գիտեք,որ մեր որոշումներից մեկի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատությունը ընդունվածները կապահովվեն բնակարանով մինչև ծառայության վերջը, խնդիր ենք դրել, որ բարեփոխումների արդյունքում պիտի ունենանք պրոֆեսիոնալ բանակ, որի զինծառայողը պիտի չունենա բնակարանի, խնդիր, սպայական կազմը պետության կողմից բնակարանը կունենա անմիջական, երկրորդ՝ զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, պիտի չունենա ընտանիքի անդամների առողջապահական կարիքների ապահովման խնդիր, չորրորդ՝ պիտի չունենա երեխաների ուսումնառությունը կազմակերպելու խնդիր»,-հավելել է Փաշինյանը: