Նմանօրինակ սադրիչ հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:
-Կանադան որոշում է կայացրել «Բայրաքթար» անօդաչուների կիրառման մասին: Ինչպես հայտնել է Կանադայի Հայ Դատի գրասենյակը, Կանադան խնդրել է Հայաստանին՝ տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը «Բայրաքթար» անօդաչուներում, սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն` այդպիսով հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-Թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի և Արցախի ժողովրդի դեմ կիրառված զինատեսակների վերաբերյալ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ համապարփակ տեղեկատվություն է տրամադրվել մեր բոլոր գործընկերներին: Այդ տեղեկատվությունը, այդ թվում՝ համապատասխան զեկույցների տեսքով, տրամադրվել է պատերազմի առաջին իսկ օրերից: Զեկույցները նվիրված են եղել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությանը և վերջինիս կողմից ահաբեկիչների տեղափոխմանը, Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառմանը և այլն:
Այս հարցով առավել պատկերավոր լինելու համար պարզապես մեկ իրավիճակ նկարագրեմ. Բայրաքթար անօդաչու սարքերի մասեր արտադրող երկրներում մեր դեսպանություններին, այդ թվում՝ Կանադայում ՀՀ դեսպանությանը, դեռ պատերազմի օրերին հանձնարարականներ տրվեցին՝ դիմելու դեսպանընկալ երկրներին դադարեցնելու Բայրաքթարներում կիրառվող մասերի մատակարարումը Թուրքիային: Ձեռնարկված քայլերի արդյունքում, Կանադայում գլխադասային «Բոմբարդիր» ընկերությունը, անտեսելով իր բիզնես պարտավորությունները, որոշում կայացրեց դադարեցնելու իր ավստրիական դուստր «Ռոտաքս» ընկերության կողմից արտադրվող շարժիչների վաճառքը իտալական մատակարարող ընկերության կողմից Թուրքիային:
Վստահեցնում եմ, որ նույն աշխատանքը իրականացվել է նաև «Վեսքամ»-ի ուղղությամբ. անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ դեսպանություններ այն ստանալուն պես: Վերոնշյալ աշխատանքն իրականացվել է նաև կանադական ուղղությամբ, թեև կանադական կողմը պաշտոնապես նման տեղեկատվություն չի հայցել: Հավելեմ, որ խոսքը ոչ թե մամուլում հրապարակված տեղեկատվության և հայտարարությունների մասին է, այլ փաստական ապացույցների, որոնք բացառապես ծառայողական կիրառման համար են: Այս առնչությամբ այլ մանրամասներ չեմ կարող տրամադրել:
-Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է, իր պարտավորություններին համապատասխան՝ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին: Այս ամենին, սակայն, մեր կողմից պաշտոնական որևէ արձագանք չեղավ: Ի՞նչ ռազմավարություն ունենք մենք այս հարցում:
– Այս հարցի առնչությամբ ԱԳՆ-ն տարբեր մակարդակներով արդեն բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը: Ցանկանում եմ հավելել, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան բացահայտ արհամարհանք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած սեփական հանձնառությունների և իր միջազգային պարտավորությունների հանդեպ: Ադրբեջանի իշխանությունների նման ապակառուցողական դիրքորոշումն ու գործելաոճը նաև վտանգում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լիակատար իրականացումը:
Մենք բազմիցս ենք նշել, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների և հրադադարի մասին եռակողմ հայտարարության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք պետք է Ադրբեջանի կողմից հայրենադարձվեն՝ առանց որևէ նախապայմանի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա:
Այս հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային մասնագիտացված կառույցների գործուն աջակցությունը՝ ապահովելու ադրբեջանական կողմում պատանդառության մեջ պահվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվտանգ վերադարձը:
Ապրիլի 13-ին եղել է ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում հատուկ նշվել է վերոնշյալ հարցը: Ինչպես գիտեք այս հարցում իրենց դիրքորոշումն են արտահայտել միջազգային մեր բազմաթիվ գործընկերներ առ այն, որ ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն: