Լրահոս
Հայաստան
11:55
12.01.22
2 144

Պատերազմը չի ավարտվել

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեկ՝ հունվարի 11-ին, ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

Ռուդիկը, որն Ալավերդիից էր, 2020թ․ նոյեմբերի 10-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատերազմը չի ավարտվել...

Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք: 

Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ: 

Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ:

Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում:

Հիշեք․ Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա: 

Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ:

Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու։

Պատերազմը չի ավարտվել...»,- գրել էր տղան։