Լրահոս
Հայաստան
16:14
08.02.22
101

Պաշտպանության փոխնախարարը վստահեցնում է՝ զոհված զինծառայողների հարազատներին փոխհատուցում տալու հարցում «թացը չորից ջոկում են»

Img default alt hy

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, թե երեք-չորս ընտանիք կա, որոնք փաստացի ամուսնության մեջ են գտնվել, բայց երեխա չեն հասցրել ունենալ, օրինակ, հուլիսին ամուսնացել են, սեպտեմբերին պատերազմը սկսվել է ու զոհվել կամ անհետ կորել են:

Պատգամավորն առաջարկում է, որ այդ կատեգորիայի կանայք նույնպես մտնեն նախագծի մեջ, սակայն Պաշտպանության նախարարությունը մերժել է առաջարկը:

Ըստ պատգամավորի՝ սա բարոյական առումով կարևոր էր, որովհետև կինը եղել է ամուսնացած, համատեղ կյանքով ապրել են ու եթե այդ ընթացքում չի ստացվել երեխա ունենալ, մարդու բարոյական կորուստը չի փոխհատուցվում:

Հայկ Սարգսյանն ասաց, թե սկզբում այդ խմբի մարդիկ նույնպես ներառվել են շահառուների ցանկում, սակայն Պաշտպանության նախարարության ու կառավարության հետ քննարկումների արդյունքում առաջարկ է եղել, որ կետը հանվի, քանի որ «շատ է լղոզվում» ու շատ դժվար է տարանջատել կինն իրականում եղե՞լ է փաստական ամուսնության մեջ, թե՞ ուղղակի իրար հետ բնակվել են:

Շիրակ Թորոսյանն էլ ասաց, թե բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել, որոնցով այդքան էլ բարդ չէ «թացը չորից ջոկել»:

Փոփոխություններով առաջարկվում է հատուցում ստացող շահառուների կազմում ներառել նաև զոհվածի քրոջը, եղբորը, եթե մյուս շահառուները համարվում են բացակայող, ինչպես նաև շահառու համարել փաստացի ամուսնության մեջ գտնվող զինծառայողի կնոջը, եթե ունեն համատեղ երեխա: