Լրահոս
Քաղաքական
12:23
23.05.23
110

Փաշինյանը հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը. Սաղաթելյան

Img default alt hy

«Վերջին երեք տարիներին, անցած տարի՝ հենց այս օրերին, ասում էինք այն, ինչը Նիկոլ Փաշինյանը երեկ խոսեց, այդ վտանգների մասին ասել ենք: Ըստ էության՝ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը»,-խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա կարծիք հայտնեց, որ մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ նոր հայտարարությամբ, որից հետո գործընթացը կշարունակվի Քիշնևում:

«Այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի պայմանագրի նոր սկզբունքների շուրջ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և, նշելով, որ հոկտեմբերի հանդիպման մասին էլ արդեն հայտարարվել է, ենթադրեց, որ կփորձեն ունենալ ամբոջական կապիտուլյացիոն պայմանագիր և այն վավերացնել:

Սաղաթելյանի խոսքով՝ հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիներն ունեն 5-6 ամիս ժամանակ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար:

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ նա ասաց որ չեն համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ և պայքարելու են մինչև վերջին շունչը:

«Այն բոլոր խոսակցությունները, թե ընդդիմությունը հեռացել է իր օրակարգից, պայքարը դադարեցրել է, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը և պնդեց, որ նախորդ տարվա պայքարը հետաձգել է Փաշինյանի այսօրվա սկսած գործընթացները, իսկ առաջիկայում Հայաստանում և Սփյուռքում համախմբելու են ժողովրդին և դուրս են բերելու պայքարի:

«Փաշինյանի խոսքերը ՀՀ պետականության գոյությունը դնում է վտանգի տակ»,-ասաց սաղաթելյան: