Լրահոս
Աշխարհ
20:50
26.07.26
47

Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ

Img default alt hy

Բեռլինում անցկացվող Christopher Street Day (CSD) ԼԳԲՏ փրայդի ընթացքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 16-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 25-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, Բեռլինի կենտրոնական Տիրգարտեն թաղամասի Ախորնշտայգ փողոցում՝ երկօրյա միջոցառման երկրորդ օրը։ Դեպքից հետո կազմակերպիչները հայտարարել են փրայդի ծրագրերի վաղաժամ ավարտի մասին։

Ականատեսների փոխանցմամբ՝ մարդկանց բազմության մեջ մխրճվել է սպիտակ ֆուրգոն, որի վարորդը բախումից հետո դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի։

Բեռլինի ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում և հրապարակել կասկածյալի լուսանկարն ու նկարագրությունը։ Ըստ իրավապահների՝ որոնվում է 21-ամյա Աբդուլ Բալութը։ Քննության նախնական տվյալներով՝ նա ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քանի մարդու, իսկ մի շարք տուժածներ վնասվածքներ են ստացել նաև սառը զենքի կիրառման հետևանքով։ Իրավապահները դեռևս պարզում են, թե արդյոք կասկածյալը գործել է միայնակ։ Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել նրան նկատելու դեպքում անմիջապես զանգահարել 110 հեռախոսահամարով և չփորձել ինքնուրույն վնասազերծել, քանի որ նա կարող է զինված լինել։

Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչ Ֆլորիան Նատի խոսքով՝ կասկածյալը նախկինում հայտնի է եղել իրավապահներին և դասվել է Բեռլինի իսլամիստական շրջանակներին առնչվող անձանց շարքին։ Տեղեկությունների համաձայն՝ նա միայն 2026 թվականի մայիսին է ազատ արձակվել անչափահասների ուղղիչ հիմնարկից։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Շյոնեբերգ թաղամասի բնակարաններից մեկում, սակայն այս պահին ձերբակալվածներ չկան։

Բեռլինի քաղաքապետ Կայ Վեգները տեղի ունեցածը բնութագրել է որպես «հարձակում մեր ազատ և բաց հասարակության դեմ»։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը միջադեպն անվանել է «զզվելի հանցագործություն»՝ ընդգծելով, որ այն ուղղված է երկրի հասարակության դեմ, և վստահեցրել, որ հանցագործությունը կբացահայտվի, իսկ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։

Christopher Street Day (CSD) փրայդը Բեռլինում ավանդաբար անցկացվում է հուլիսի վերջին՝ աշխարհի մեծ մասում նշվող «Հպարտության ամսից» (Pride Month) հետո։ Այս տարի միջոցառումը տևել է երկու օր․ հիմնական երթը մեկնարկել էր հուլիսի 25-ին՝ Տիրգարտեն շրջանում, և ավարտվել էր առանց միջադեպերի, մինչդեռ երեկոյան տեղի ունեցած հարձակումը հանգեցրել է ծրագրի վաղաժամ դադարեցմանը։