Լրահոս
Քաղաքական
22:16
26.05.25
189

Փաշինյանի համար ևս ակնհայտ է, որ ներպետական օրենքների տրամաբանությանը հակասող կետեր են առկա Խաղաղության պայմանագրում. Սահմանադրագետ «Փաստինֆո»

Img default alt hy

Այո, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, որը նվիրված է օրենքների աստիճանակարգությանը, միջազգային վավերացրած պայմանագրերը հակասության պարագայում  առավելություն ունեն ներպետական օրենքների, սահմանադրական օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, իրավական ակտերի նկատմամբ։ Սակայն, երբ Նիկոլ Փաշինյանը առանձնահատուկ ընդգծում է, որ եթե Խաղաղության պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, ապա ինքը հանրությանը կհամոզի ու կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, ապա դրա ներքո քողարկված է այն միտումը, որ իրենց համար ակնհայտ է՝ ներօրենսդրական հակասություններ և մեր ներպետական օրենքների տրամաբանությանը հակասող կետեր են առկա Խաղաղության պայմանագրում։ Այդ մասին «Փաստինֆո» -ի  հետ զրույցում ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Սահմանադրական դատարանը դիտարկելու է Խաղաղության պայմանագրի սահմանադրականությունը և եթե հակասող համարի, ապա ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ։  

«Եթե Սահմանադրական դատարանը հակասող ճանաչեց Խաղաղության պայմանագիրը մեր Սահմանադրությանը, ապա, ըստ մեր Սահմանադրության, այս փաստաթուղթն այլևս վավերացման ենթակա չէ։ Մինչդեռ Փաշինյանը պնդում է, որ այդ պարագայում ինքը կնախաձեռնի սահմանադրության փոփոխություն և հանրությանը կհամոզեն դրա անհրաժեշտության մասին։ 

Այստեղ երկու քողարկված գործոն կա, կրկին իշխանության տարանջատման սկզբունքի ոտնահարումն է։ Սա ուղիղ ցուցում է Սահմանադրական դատարանին, թե ինչպես գործել՝ այս փաստաթութն իրենց քննությանը ներկայացնելու պարագայում։ Այսինքն, ուղղակի ցուցում է, որ վարչապետն ակնկալում է դրական եզրակացություն և Սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ եզրակացություն, երբ այն իրենց ներկայացվի, քանի որ իշխող քաղաքական ուժի համար սա օրակարգային առաջնահերթություն է։ 

Երկրորդ քողարկված գործոնն այն է, որ սա ուղերձ է Ադրբեջանին՝ եկեք ստորագրենք այս փաստաթուղթը՝ առանց Սահմանադրական փոփոխության, քանի որ ինքը խնդիր ունի ու չի կարող բացահայտ ցույց տալ, որ մենք՝ լինելով ինքնիշխան պետություն, սպասարկում ենք արտաքին սպառնալիքին։ Սա այն պարագայում, երբ անգամ Վենետիկին հանձնաժողովն ասում է, որ չի կարող Սահմանադրությունը քաղաքական շահարկման առարկա դառնալ։ Փաշինյանը փաստացի  շրջանցում է այս դիրքորշումն ու ասում է, որ եթե մեր Սահմանադրությանը հակասող համարվի, այն կփոխվի։ 

Երրորդ ուղերձն էլ այն է, որ եթե իրենք չկարողանան հասնել բաղձալի ստորագրմանն ու Ադրբեջանը զիջման չգնա, իսկ ՍԴ-ն էլ Սահմանադրականության խնդիր տեսնի, ապա ինքը նախաձեռնելու է նոր Սահմանադրության ընդունման պրոցես։ Սա նույնպես խաբկանք է, քանի որ արդեն նախաձեռնել է այդ փոփոխությունները։ Գոյություն ունի իր կողմից ընդունված իրավական ակտ, գոյություն ունի պետության միջոցների հաշվին գործող խորհուրդ, որը գործուներության կարգ է որդեգրել թափանցիկությունն ու ներառականությունը։ Մինչդեռ ՀՀ պատմության մեջ երբևէ այսքան փակ ու մեկուսացած Սահմանադրական բարեփոխումների մարմին մենք դեռ չենք ունեցել։ Այս մարմնի կողմից դեռևս որևէ դրույթ քննարկման չի ներկայացվել»,-ասել է Մելոյանն՝ ընդգծելով, որ սա ուղղակի հրաժարում է ժողովրդավարական տարրերից։