Լրահոս
Հայաստան
11:40
14.01.22
148

Ունեցել ենք հիվանդանոցներ տեղափոխված վիրավոր զինծառայողների շատ ցածր մահացության ցուցանիշ․ Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը գրում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորների և Արցախից տեղահանվածների բուժօգնության կազմակերպման մասին, ըստ էության, առիթ չի ունեցել խոսելու․

Նա, մասնավորապես, նշել է. 

«Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ որոշ ամփոփ տվյալներ ներկայացրեցի, որոնք կապված են այդ բուժօգնության ֆինանսավորման հետ, ինչպես նաև ներկայացրեցի որոշ ոչ ֆինանսական մանրամասներ։

Ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ առողջապահության նախարարության շարունակական համակարգման և առողջապահական համակարգի (քաղաքացիական և ռազմական) սինքրոն աշխատանքի շնորհիվ պատերազմի ժամամակ մատուցվել է լավագույն բուժօգնությունը թե’ վիրավոր զինծառայողներին, թե’ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։

Որևէ մեկի բուժօգնություն չի ուշացել և այս աշխատանքների արդյունքում մենք ունեցել ենք հիվանդանոցներ տեղափոխված վիրավոր զինծառայողների շատ ցածր մահացության ցուցանիշ (ցավոք իհարկե բոլորի կյանքը չի հաջողվել փրկել)։

Դեռ առիթներ կլինեն խոսել այդ դաժան օրերի մասին, բայց օգտագործելով առիթը ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին, ովքեր այդ օրերին օր ու գիշեր ջանք չխնայեցին կյանքեր փրկելու համար»։