Լրահոս
Իրավական
23:30
12.10.22
91

Ոստիկանության ծառայողի ուղղությամբ նռնակ նետած անձը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ. ԱՀ դատախազություն

Img default alt hy

Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից այսօր հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը), 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (Սպանության փորձ, որը կատարվել է անձի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելը) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցագործության հատկանիշների առթիվ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը:

Ենթադրյալ հանցանք կատարած Հ.Հ.-ն ձերբակալվել է թվարկված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով:

Իրականացվում է նախաքննություն:

Հիշեցնենք, այսօր, ժամը 12:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 5 ա հասցեում գտնվող քաղաքացուց ահազանգ էր ստացվել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իր որդին՝ 1990թ. ծնված Հ.Հ.-ն գտնվում է անհավասարակշիռ վիճակում և վտանգ է ներկայացնում շրջապատի համար: Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները ներկայացել են հիշյալ հասցե, որտեղ ներկայացած քաղաքացի Հ.Հ.-ն մարտական վիճակի է բերել ապօրինի պահվող նռնակը և սպառնացել պայթեցնել այն, որից հետո նռնակը ձեռքին դիմել է փախուստի: Որոնողական աշխատանքների արդյունքում Հ.Հ.-ն ժամը 14:20-ի սահմաններում հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի փողոցում՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիր տանող ճանապարհին: Ոստիկանության ծառայողները փորձել են կանխել նռնակով զինված Հ.Հ.-ից տածվող վտանգը, որի ընթացքում վերջինս նռնակը նետել է ոստիկանների ուղղությամբ և պայթեցրել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայող Լ.Բ.-ն ստացել է բեկորային վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, իսկ դեպքի վայրում գտնվող մյուս ոստիկանները հասցրել են անվտանգ դիրք ընդունել՝ այդ կերպ խուսափելով վնասվելուց:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: