Լրահոս
Հայաստան
20:59
11.01.22
223

Նորաբակում ու Վերին Շորժայում այս պահին էլ շարունակվում են կրակոցները, օգտագործվում են տարբեր զինատեսակներ. Հակոբ Ավետյան

Img default alt hy

«Կրակոցներն այս պահին էլ շարունակվում են ու չգիտեմ, թե երբ են ավարտվելու: Շատ անհանգիստ վիճակ է»,- «Մեդիալաբին» ասել է  Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

ՊՆ հաղորդագրության համաձայն ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի երեք վիրավոր:

«Այսօր կեսօրվա ժամերից սկսել են կրակել Վերին Շորժայի հատվածում, իսկ ավելի ուշ՝ նաև Նորաբակի հատվածում: Այս պահին էլ երկու ուղղությամբ շարունակվում են կրակոցները:

Կիրառում են նաև հրետանի, իսկ ԱԹՍ-ների մասին իմացել եմ ՊՆ-ի հաղորդագրությունից, վստահ չեմ կարող ասել, օգտագործվում են տարբեր զինատեսակներ»,- ասում է Հակոբ Ավետյանը:

Ավետյանը նաև հստակ տեղեկություն չունի հայկական կողմից վիրավորների թվաքանակի մասին, սակայն նշեց, որ վիրավորների ու զոհերի մասին խոսակցություններ են շրջանառվում:

«Վիրավորների ու զոհերի մասին խոսակցություններ կան, բայց չեմ ուզում որևէ բան ասել, որովհետև հնարավոր է, որ ճիշտ չլինի ու, տա Աստված, որ ճիշտ չլինի»,- եզրափակել է Ավետյանը:

Ավետյանի խոսքով՝ թշնամին կրակում է միայն սահմանում, գյուղերն այս պահին թիրախում չեն: