Լրահոս
Քաղաքական
10:13
26.05.22
133

Նիկոլ Փաշինյանը խաբել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Օրերս՝ մայիսի 24-ին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի հանդիպումը: Նրանք, նշենք, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան վերջին այցի հայտարարության, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մեկնարկը պետք է տան:

Սակայն մինչև սահմանների գծումն ու դրանց հաստատումը հիշենք, թե տարիուկես առաջ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժելու մասին ինչպես էր արտահայտվում: Այսպես, 2020-ի դեկտեմբերի 24-ի կառավարության նիստի ժամանակ նա վստահեցնում էր. «Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի և, ընդհանրապես, ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել, մյուս կողմից՝ սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա. դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է»:


Դրանից օրեր առաջ, սակայն, 2020-ի դեկտեմբերի 18-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր, թե երկու երկրները ոչ միայն Սյունիքում, այլև հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում դեմարկացիա ու դելիմիտացիա են իրականացնում: «Սահմանազատում է կատարվում, և այն կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա։ Այսինքն՝ այստեղ զուտ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, և հենց փաստաթղթով էլ մենք շարժվում ենք»,- ասում էր նա:

Փաստորեն, դեռ տարիուկես առաջ կառավարական կաբինետի անդամները, մեկը մյուսից անտեղյակ, մե՛կ հայտարարում էին, թե սահմանազատում ու սահմանագծում չի կատարվում, մե՛կ հակառակ պնդումն էին անում: Իրականում, սակայն, նրանք մոլորեցնում ու հերթական անգամ խաբում էին հանրությանը: