Լրահոս

2022-01-14
  • Արցախ
    Ալիևը հիմա էլ հավակնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
    Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության հետ: Հայտարարության մեջ ասվում է. «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախավորելով հայկական երկու հանրապետությունների խաղաղ բնակչությանը: Վերջին օրերին ավելի հաճախակի դարձած այդօրինակ սադրանքները վկայում են, որ Ադրբեջանը չի հրաժարվել տասնամյակներ շարունակ վարած հայատյաց քաղաքականությունից, ինչը կասկածի տակ է դնում խաղաղության օրակարգերի շուրջ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության՝ միջազգային կառույցների համար երբեմն հնչեցվող հայտարարությունների անկեղծությունը: 2020թ. աշնանը Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ սանձազերծված և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով ուղեկցված ադրբեջանական ագրեսիան, չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ջանքերի, շարունակվում է այլ մեթոդներով, և այդ ամենը պարբերաբար բորբոքվում է Ադրբեջանի ղեկավարի կողմից մշտապես հնչեցվող սպառնալիքներով, մասնավորապես կասկածի տակ դնելով ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող միջանցքի անվտանգությունը: ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից այդ ամենի անտեսումն ու համարժեք արձագանքների բացակայությունը սխալ ազդանշան են դարձել հարևան երկրի ղեկավարի համար, ով, մոռացության տալով եվրոպական հեղինակավոր կառույցներին անդամակցելիս իր երկրի կողմից ստանձնած պարտավորությունները, հիմա էլ հավակնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կազմված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը 1992 թվականից հանձն առած և տևական ժամանակ տարածաշրջանային կայունությանը իր նպաստը բերած վերոնշյալ հեղինակավոր կառույցի նկատմամբ նմանօրինակ քամահրական վերաբերմունքը համարում ենք անթույլատրելի ու գնահատում որպես բացահայտ արհամարհանք միջազգային իրավունքի և միջազգային հանրության ջանքերի նկատմամբ: Դատապարտելով Ադրբեջանի ղեկավարության նման պահվածքը՝ տարածաշրջանում հասունացող նոր լարվածությունը կանխելու նպատակով կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման և այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար: «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» «Միասնական հայրենիք» «Արդարություն» «Հայ հեղափոխական դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» ք. Ստեփանակերտ
    12:13
    14.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 14.01.2022
    12:11
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Բոլոր նրանք, ովքեր ժամանակին ծվարել էին Աղվան Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք, պատասխան են տալու. փաստաբան
    ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանն անդրադարձել է լրատվական կեղծ կայքով Աղվան Հովսեփյանի հասցեին զրպարտչական, ստահոդ տեղեկություններ հրապարակելուն, որի վերաբերյալ Աղվան Հովսեփյանը հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել սուտ մատնության հատկանիշներով։ Նա նշել է, որ անցած տարվա վերջին էլեկտրոնային «Arm-blog. info» կեղծ կայքէջում լուր էր հրապարակվել Աղվան Հովսեփյանի կողմից, իբրև, բռնաբարություն ու սպանություն կատարելու մասին։ «Դրանից հետո Աղվան Հովսեփյանը զրպարտության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել, որի հիմքով նախապատրաստված նյութերով փաստվել է 2 հանգամանք. 1) Բռնաբարության ու սպանության թեման զրպարտանք է, 2) «Arm-blog. info» կայքէջի ստեղծողներին ու նյութի հեղինակներին հայտնաբերել չի հաջողվել։ Որպես կանոն՝ չեմ անդրադառնում այսպիսի հիմար «լուրերին», բայց այս դեպքում համոզված եմ, որ նման ֆեյքեր տարածողները ու առկա քրեական գործում եղած զրպարտիչները նույն բանակից են։ Ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել՝ ինչպես հերքվեց այս բարբաջանքը, այնպես էլ հերքվելու են ներկայիս քրեական գործում եղած մյուս «մեղադրանքները», իսկ բոլոր նրանք, ովքեր ժամանակին ծվարել էին Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք, պատասխան են տալու։ Օրենքով», - հայտարարել է Հովսեփյանի փաստաբանը։
    11:59
    14.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Գնացքի վթարի հետևանքով առնվազն 9 մարդ մահացել է
    Հյուսիսարևելյան սահմանային երկաթուղու գլխավոր տնօրեն Անշուլ Գուպտան հայտնել է, որ առնվազն ինը մարդ զոհվել և ավելի քան 70-ը տուժել են Հնդկաստանում՝ ռելսերից մարդատար գնացքի 12 վագոնների դուրս ընկնելու հետևանքով: Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածի մասին: Գնացքի վթարը տեղի Է ունեցել նախօրյակին Արևմտյան Բենգալիայի նահանգում: «Կտրուկ շարժման» հետևանքով գնացքի 12 վագոնները դուրս են եկել ռելսերից կամ բախվել միմյանց, դրանցից երկուսը շրջվել են: «Զոհվել Է ինը մարդ, շուրջ 70-ը տուժել են»,- Գուպտան ասել Է «News18» հեռուստաալիքին: Նա նշել Է, որ ներկա դրությամբ փրկարարական գործողություններն ավարտվել են, անցկացվում Է հետաքննություն: Նրա խոսքով՝ միջադեպի ժամանակ գնացքը տեղափոխում Էր 1053 ուղևորի: Ավելի վաղ Հնդկաստանի հաղորդակցության ճանապարհների նախարարը հայտարարել Է, որ երկրի իշխանությունները 500 հազարական ռուփի կհատկացնեն զոհվածների ընտանիքներին, 100 հազարական ռուփի՝ ծանր վերքեր ստացած մարդկանց և 25 հազարական ռուփի այն մարդկանց, որոնք թեթև վնասվածքներ են ստացել: «Ռիա նովոստին» հաղորդել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ստեղծված իրադրությունը քննարկել Է Արևմտյան Բենգալիայի վարչապետ Մամատա Բաներջի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
    11:47
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ունեցել ենք հիվանդանոցներ տեղափոխված վիրավոր զինծառայողների շատ ցածր մահացության ցուցանիշ․ Թորոսյան
    Արսեն Թորոսյանը գրում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորների և Արցախից տեղահանվածների բուժօգնության կազմակերպման մասին, ըստ էության, առիթ չի ունեցել խոսելու․ Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ որոշ ամփոփ տվյալներ ներկայացրեցի, որոնք կապված են այդ բուժօգնության ֆինանսավորման հետ, ինչպես նաև ներկայացրեցի որոշ ոչ ֆինանսական մանրամասներ։ Ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ առողջապահության նախարարության շարունակական համակարգման և առողջապահական համակարգի (քաղաքացիական և ռազմական) սինքրոն աշխատանքի շնորհիվ պատերազմի ժամամակ մատուցվել է լավագույն բուժօգնությունը թե’ վիրավոր զինծառայողներին, թե’ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Որևէ մեկի բուժօգնություն չի ուշացել և այս աշխատանքների արդյունքում մենք ունեցել ենք հիվանդանոցներ տեղափոխված վիրավոր զինծառայողների շատ ցածր մահացության ցուցանիշ (ցավոք իհարկե բոլորի կյանքը չի հաջողվել փրկել)։ Դեռ առիթներ կլինեն խոսել այդ դաժան օրերի մասին, բայց օգտագործելով առիթը ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին, ովքեր այդ օրերին օր ու գիշեր ջանք չխնայեցին կյանքեր փրկելու համար»։
    11:40
    14.01.22
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսի վերջին տվյալները Հայաստանում
    ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Կատարվել է 4811 թեստավորում, առողջացել՝ 101 քաղաքացի, գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով 1 մահվան դեպք: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 084 դեպք, որոնցից 333 412-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8015 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1515 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով: Նախորդ օրը մահացել է 2 կորոնավարակակիր: Ընդհանուր կատարվել է 2 630 763 թեստավորում։
    11:37
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սլավոնական համալսարանի ռեկտորն ԱԱԾ-ին խնդրել է ապահովել իր անվտանգությունը
    Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարել է, թե իրեն խնդրում են հրաժարական չտալ ռեկտորի պաշտոնից։ Վերջինս շնորհակալություն է հայտնել նման վստահության, սիրո և հարգանքի համար։ «Ես դեռ պիտի շատ աշխատեմ՝ նման վերաբերմունքը արդարացնելու համար: Որոշ պարզաբանում տամ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության և նշանակման ընթացակարգի մասին, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա: Համալսարանը ունի երկու համահավասար հիմնադիր, երկու պետություն, այն իր բնույթով Միջպետական հաստատություն է, որի գործունեությունը կանոնակարգող Միջպետական համաձայնագրում ժամանակին իմ պնդմամբ ամրագրվել է ռեկտորի՝ համալսարանի Ընդհանուր ժողովի կողմից (որը կառավարման բարձրագույն մարմինն է) ընտրության դրույթը: Սակայն հիմնադիրները իրենց ընթացակարգերում ամրագրել են թեկնածուների նախօրոք համաձայնեցման պահանջը (ինչը արդար է. հիմնադիրներ են, իրավունք ունեն նաև համաձայնություն չտալու): Այնուհետև Ընդհանուր Ժողովի կողմից ընտրված թեկնածուն հաստատվում է ռեկտորի պաշտոնում հիմնադիրների համատեղ հրամանով՝ պաշտոնավարման հինգ տարի ժամկետով: Մեր վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլին, հաջորդ ընտրությունները 2023-ին են: Ռուսաստանյան հիմնադրի ներկայացուցիչը Գիտության և Բարձրագույն կրթության նախարարությունն է: Նախարար Ֆալկովը իր պաշտոնավարության ամբողջ ընթացքում (առավել, քան երկու տարի) զարմանալի անտարբերություն է ցուցաբերել համալսարանի նկատմամբ, բազմաթիվ անգամներ մերժել է իմ առաջարկները՝ հանդիպելու և համալսարանի խնդիրները քննարկելու: Իմ կողմից՝ նրա հանցավոր անգործության և հիմնադրի պարտականությունները չկատարելու կապակցությամբ ներկայումս հաղորդում է պատրաստվում ՌԴ դատախազություն (ահա թե ինչով նրանք պիտի զբաղվեն՝ Հայաստան ֆալսիֆիկացված թղթեր ուղարկելու փոխարեն): Բնական է, որ նման իրավիճակում ես չեմ պատրաստվում իմ թեկնածությունը առաջադրել ռեկտորի գալիք ընտրություններում», - նշել է նա։ Այնուհետև Արմեն Դարբինյանը դիմել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։ «Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը, իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը», - նշել է Դարբինյանը։ Հիշեցնենք՝ երեկ Արմեն Դարբինյանը հայտարարել էր, թե ռուսաստանյան որոշ շրջանակներ չեն ներել իր ազգային արժանապատիվ կեցվածքը և Մարգարիտա Սիմոնյանին ուղղված բաց նամակը. նա պատրաստվում է հրաժարական տալ։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել էր Արմեն Դարբինյանին՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնցում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներ:
    11:31
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Պետությանը պատճառվել է ավելի քան 200 մլն դրամի գույքային վնաս․ նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքոմ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, պետությանը պատճառված վնասի չափը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, 2015թ. հունվարից մինչև 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով, օգտագործելով ինքնությունները չպարզված անձանց կողմից կազմված, իրավունք վերապահող պաշտոնական ակնհայտ կեղծ փաստաթղթեր, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն և ստացել գումար: Մասնավորապես, ընկերության տնօրենը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված՝ տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիայի պայմանների իրականացման շրջանակներում, Կապան և Գորիս քաղաքներում տեղակայված կայաններում ընկերության կողմից առանց տեխնիկական զննության ծառայություններ մատուցելու, օգտագործելով պաշտոնական կեղծ փաստաթղթեր, այն է՝ ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 15-ի թիվ 346-Ն որոշման 3-րդ կետի համաձայն տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող և նշված ծառայությունների մատուցման դիմաց վճարման համար հիմք հանդիսացող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի արատորոշման քարտերը, տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնները, փաստացի տեխզննում չանցած ավտոմեքենաների տեխզննման կտրոնների երկրորդ հատվածները, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն և դրանց հիման վրա խաբեությամբ ՀՀ պետական բյուջեից ստացել է ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 203.572.000 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ՍՊ ընկերության տնօրենի վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել, առանձնացվել է առանձին վարույթում, և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ ընկերության տնօրենի անշարժ գույքի՝ երկու հողամասի, երեք բնակարանի և մեկ արտադրամասի վրա կալանք է դրվել: Պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ փաստաթղթային կեղծիքներ կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
    11:24
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Քարաթափման հետևանքով հսկայական քարերը թափվել են ճանապարհով երթևեկող Opel-ի վրա. կա վիրավոր
    Երեկ՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գևորգ Ռամազյանը Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ընթանալիս է եղել, երբ հսկայական քարաբեկորները քարաթափման հետևանքով ընկել են ավտոմեքենայի վրա: Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քարաթափման հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Պավլիկ Մանուկյանը մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
    11:19
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՔՊ-ական պատգամավորի ավելորդ ոգևորությունը՝ ավելորդ բառում
    ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքում կիսվել է իրենց ներկայացրած նախագծերից մեկով, ըստ որի շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովի պատգամավորներ՝ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արմեն Խաչատրյանի կողմից ներկայացված «Փրկարար ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Ուշագրավը պատգամավորի մեկնաբանությունն է․ «Սա մեկ. Այ սենց հերթով, շարքով, հստակեցված բովանդակությամբ, ամուր հիմքեր ստեղծող փոփոխություններն արվելու են, առանց շտապողականության, ավելնորդ էմոցիաների և պաթոսի»,- գրել է նա՝ թույլ տալով կոպիտ ուղղագրական սխալ և միայն կարճ ժամանակ անց է խմբագրել գրածը՝ հեռացնելով  ավելորդ բառի ավելորդ տառը:
    10:52
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մոսկվայում այսօր կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը
    Այսօր՝ հունվարի 14-ին, տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը երեկ հայտարարել էր, թե, իրենց տպավորությամբ, Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ Նա նշել էր, թե այս հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ «Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը»,- ասել էր ԱԳՆ խոսնակը։
    10:42
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վերելակի ընկնելու պատճառով 2 հայ է մահացել Մոսկվայում
    Նշվում է, որ նրանք բանվորներ էին, ովքեր զբաղվում էին վերելակի վերանորոգմամբ, որը նախատեսված է հյուրանոցի անձնակազմի համար։
    10:38
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Այս իշխանության համար «լուծումները» հայ-թուրքական սիրախաղի շրջանակներում են․ Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ Տեղ գյուղում ադրբեջանցիների գործողությունների հետևանքով առևանգված, ապա ռուս զինծառայողների ջանքերով հայրենիք վերադարձած հովիվի միջադեպը պարզ ցույց է տալիս սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության մակարդակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց խոցելիությունը․ «Եթե մեր հովիվը գտնվել է ադրբեջանական դիրքերի մերձակա հատվածում, ապա սահմանագծի այդ հատվածում ծառայություն իրականացնող ուժերը պետք է կանխեին նրա մուտքը վտանգավոր հատված։ Եթե նույնիսկ չի կանխվել մեր հայրենակցի մուտքը վտանգավոր գոտի, ապա պետք է ֆիքսվեր ադրբեջանցի 4 զինծառայողների շարժը դեպի սահմանագծի հայկական հատված, մեր հովիվի հետ քաշքշուկն ու առևանգումը։ Նույն տրամաբանությամբ, ադրբեջանցիները կարող էին իջնել Գորիս-Տեղ-Ստեփանակերտ մայրուղի, սադրանքի դիմեին ու դա ոչ ֆիքսվեր, ոչ էլ առավել ևս՝ կանխվեր։ Չգիտեմ, թե քանի անգամ պետք է խոսել խնդիրների ու դրանց լուծումների մասին, երբ այս իշխանության համար «լուծումները» հայ-թուրքական սիրախաղի ու Ադրբեջանի հետ անպատասխան սիրո շրջանակներում են»։
    10:31
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Բախվել են Toyota Camry-ն ու Toyota Ipsum-ը. կան վիրավորներ
    Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ- Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:
    10:26
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մի շարք շրջաններում ձնաբուք է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է բքի պատճառով։ Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբուք է: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    10:21
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են հայրենիք
    Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայկական զորամիավորումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով հայրենիք է վերադարձել։ «ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան, որոնք կատարել են Ղազախստանի Հանրապետությունում սոցիալական հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանության խնդիրները, վերադարձել են հայրենիք»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
    10:18
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ այդ օրերին միանգամից չորս ընտրություն է լինելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի և ՀՌՀ երկու անդամի: Նկատենք, որ իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որի թեկնածուն Քրիստիննե Գրիգորյանն է: Նշենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, և հենց սա է անհանգստացնում իշխանականներին, քանի որ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների թիվը 71-ն է: Այսինքն՝ շատ բացականեր ունենալու պարագայում ՄԻՊ-ի ընտրությունը կարող է պարզապես տապալվել: Եվ հենց դա է պատճառը, որ արդեն բոլոր պատգամավորներին զգուշացվել է այդ օրերին ուշադիր լինել և չբացակայել նիստերից: Նկատենք, որ այսօր տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, և միայն դրանից հետո կհաստատվի նախագծերի հերթականությունը, և պարզ կդառնա, թե կոնկրետ որ օրն է տեղի ունենալու ընտրությունը: Իսկ մինչ այդ նկատենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ չի հանդիպել ՄԻՊ թեկնածուին. հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Մյուս ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունն արդեն հասցրել է հանդիպում ունենալ, սակայն ընտրության մասով որոշում չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին՝ ինչպես եք քվեարկելու, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց. «Դեռ քննարկում այդ հարցով ֆրակցիան չի ունեցել»»։
    10:16
    14.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված
    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ հուվարի 14-ին, մերժել է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի վերաքննիչ բողոքը։ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
    10:09
    14.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Իմ դիպլոմը կեղծ չէ, տեղեկությունները սխալ են․ Մելիքսեթ Պողոսյան
    Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է, որ իր բուհական դիպլոմը կեղծ չէ։ «Ես ավարտել եմ պետական կարգավիճակ ունեցող համալսարան։ 1992 թվականին իմ անձնական գործերը տվել եմ ինստիտուտ, իրենց հարցրել եմ՝ այն պետական կարգավիճակ ունի՞, թե՞՝ ոչ, ասել են՝ ունի։ Դրա հիման վրա ես սովորել եմ իրավագիտության բաժնում եւ ավարտել եմ 1996 թվականին։ Ես կտրականապես հերքում եմ տեղեկությունը, որ իմ դիպլոմը կեղծ է»,- նշել է Պողոսյանը։ Պողոսյանն ասել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մարզպետ նշանակվելիս ներկայացրել է կառավարությանը։ «NEWS.am»-ի հետ զրույցում Գորիսի Սյունիք ինստիտուտի տնօրեն Գրավիկ Բաբայանն ասել է, որ ինստիտուտը հավատարմագրում չունի, սակայն նախարարությունն արտոնագիր է տվել ինստիտուտին 1992 թվականին։ «1991 թվականին համալսարանը բացել ենք, 1992 թվականին արտոնագիրը ստացել ենք։ Համալսարանը եղել է արտոնագրված, ինչի հիման վրա իրեն տրվել է համապատասխան դիպլոմը։ Հետևաբար՝ Մելիքսեթ Պողոսյանին տրված դիմումը չի կարող լինել կեղծ, և առհասարակ կեղծ դիպլոմներ մեզ մոտ երբևէ չեն տրվել։ Կեղծ որակավորումը շատ սխալ է այս դեպքում»,- ասել է նա։ Ավելի վաղ «Yerevan Today»-ը հարցումների միջոցով պարզել էր, որ «Սյունիք» ինստիտուտ արտադրական կոոպերատիվը 1996 թվականի հուլիսի 22-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով «Ժուռնալիստիկա», «Ֆինանսներ և վարկ» և «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով ստացել է արտոնագիր՝ 1997 թվականի հուլիսի 16-ին՝ «Իրավագիտություն» մասնագիտության գծով արտոնագիր։ Ըստ աղբյուրի՝ ստացվում է, որ Սյունիքի մարզպետը 1992 թվականին ընդունվել, 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, սակայն այդ ինստիտուտը իրավագետ կրթելու արտոնագիր ստացել է մարզպետի ավարտելուց մեկ տարի անց միայն։
    10:04
    14.01.22
    Ավելին