Լրահոս
Քաղաքական
20:33
01.02.22
377

Նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել-չառաջադրելու նպատակահարմարության շուրջ քննարկումները «Հայաստան» խմբակցությունում շարունակվում են. Ագնեսա Խամոյան

Img default alt hy

Ակնկալել, որ ընդդիմությունը կարող է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի նախագահի կամակատար թեկնածուի օգտին, իհարկե, զավեշտալի է, քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ։ Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Մեր երկիրը պատերազմի տարած, մեր հայրենիքի 75%-ը թշնամուն հանձնած այս ապիկար իշխանությունը մտածում է, որ ընդդիմությունը պետք է քվեարկի իրենց նախագահի կամակատար թեկնածուի օգտի՞ն։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագահի թեկնածուն լինելու է մարդ, որն անվերապահորեն կատարելու է իր հրահանգները։ Նիկոլ Փաշինյանը  խոսում էր թիմի ներդաշնակեցման մասին և ոչ մի խոսք պետության ու պետության շահի մասին, այս պայմաններում ակնկալել, որ ընդդիմությունը կարող է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի կամակատար թեկնածուի օգտին, իհարկե, զավեշտալի է, քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ կարող է սա լինել»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել-չառաջադրելու նպատակահարմարության շուրջ քննարկումները «Հայաստան» խմբակցությունում շարունակվում են։

«Որոշում ունենալու դեպքում առաջիկա օրերին կհրապարակայնացնենք և կհիմնավորենք մեր ցանկացած որոշում»,- ընդգծել է Ագնեսա Խամոյանը։

Ավելի վաղ հայտարարել էինք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ապա նաև համանուն ԱԺ խմբակցությունը քննարկել և ՀՀ նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրել է  Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, որն այժմ զբաղեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։

ՔՊ խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, որ ընդդիմությունը կպաշտպանի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

«Շատ գովելի կլինի, որ ընդդիմությունը ևս պաշտպանի իշխանության կողմից առաջադրած թեկնածուին: Դա շատ լավ հնարավորություն է տեսնելու, որ այն հայտարարությունները, որոնք հնչում են, այդ թվում ընդդիմադիր տարբեր պատգամավորների կողմից, որ իրենք  նպատակ ունեն գործել հանուն Հայաստանի, գործել հանուն ՀՀ զարգացման, կայունության, սա շատ լավ, սիմվոլիկ նշանակություն կունենա»,-ասել էր Հայկ Կոնջորյանը։

Հունվարի 23-ին, հրաժարական էր տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելուն, ասել էր, որ ՀՀ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև քաղաքական ներդաշնակություն պետք է լինի։ Ըստ նրա՝ այդ ներդաշնակության սակավության պատճառով իրենք շատ լուրջ մարտահրավերներ են ունեցել, մասնավորապես, նախորդ տարի ՀՀ ԶՈՒ-երի ԳՇ-ի հայտարարությունը։

Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Հանրապետության նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Սա նշանակում է, որ առաջին փուլով, նախագահ չի ընտրվի, որովհետև իշխող ուժի ձայները բավարար չեն։  ՔՊ-ին երկրորդ փուլից հետո միայն կհաջողվի իր թեկնածուին ընտրել  նախագահի պաշտոնում։

Արմեն Սարգսյանի լիազորությունները այսօրվանից դադարեցված են։ Նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո կանցկացվի նախագահի արտահերթ ընտրություն։ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։