Լրահոս
Հայաստան
21:52
09.01.22
573

Նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն

Img default alt hy

«Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ, և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»:

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

Գարրի Կունցևը Փարաջանովի մասին ասում էր.

«Լինելով ծաղրածուների արքան, նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն»:

Հայտնի է, որ Փարաջանովը յուրաքանչյուրին կարող էր ապշեցնել իր տարօրինակություններով։ Օրինակ՝ կոտլետներն ափսեի մեջ պիտի դասավորված լինեին որոշակի կարգով, իսկ բաժակը սեղանի վրա պիտի զբաղեցներ հատուկ տեղ։ 

Փարաջանովը կինոյի ու նկարների անիրական աշխարհից վերցված իր ֆանտազիաները տեղափոխում էր իրական կյանք։ Նա կարող էր շարունակաբար տուն հրավիրել օրական 4 տասնյակից ոչ պակաս հյուր։ Ասում են, մի անգամ նա երկու օր ու գիշեր խնջույք է կազմակերպել կայարանամերձ ռեստորանում՝ վճարելիք գումարը դուրս հանելով կանացի գուլպաներից։ 

Նա իր ընկերներին ողողում էր շքեղ ընծաներով, թեպետ, իհարկե, երբեմն նաև մտափոխվում էր և այդ ընծաները հետ վերցնելով՝ նվիրում էր ուրիշին։    

Սերգեյ Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացավ 1964֊ին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից հետո։ Մինչ այդ նրան չէին ընկալում ըստ արժանվույն։ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դարձավ նրա հաղթարշավի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձևավորելով երկրպագուների ու նախանձողների մի մեծ բանակ։ 

1973թ․ դեկտեմբերին, երբ Փարաջանովը նկարահանում էր «Հրաշքն Օդենսեում» ֆիլմը, նրան ձերբակալում և դատապարտում են 5 տարվա ազատազրկման՝ համասեռամոլության մեղադրանքով։ 

Դանիական թերթերից մեկին տված հարցազրույցում Փարաջանովը կատակով ասել էր, թե Կենտկոմի շուրջ 2 տասնյակ անդամները փնտրում են իր բարեհաճությունը։ Կենտկոմում, սակայն, կատակներ չէին հասկանում և որոշեցին ազատազրկել նրան։ Տեղեկություններ կան, որ Փարաջանովի գործով վկաներից մեկը քննիչի հետ զրույցից հետո կտրել է երակները։  

Փարաջանովի համար մեծ ողբերգություն է դառնում իր քույր Աննայի մահը։ Նա սեփական ձեռքերով ձևավորում է դագաղը՝ աննկարագրելիորեն գեղեցիկ տեսք տալով դրան։ Իսկ մի քանի ամիս անց պարզվում է, որ ինքը՝ Փարաջանովը հիվանդ է թոքերի քաղցկեղով։ Մոսկվայում նրան վիրահատում են, սակայն վիճակը չի բարելավվում։

1990թ․ նա ժամանում է Երևան, որտեղ էլ մահանում է 3 օր անց։ Փարաջանովին հուղարկավորում են երևանյան Պանթեոնում՝ Արամ Խաչատրյանի կողքին։