Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:00
22.05.23
186

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ԼՂ հակամարտության հետ կապված կոչով հանդես կգա

Img default alt hy

Մայիսի 22-23-ին Հայաստան կատարելիք իր առաջին այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան-Ադրբեջան ընթացիկ բանակցությունների համատեքստում կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նա կհորդորի երկու կողմերին շարունակել բովանդակային բանակցությունները՝ խաղաղ և կայուն կերպով լուծելու առկա խնդիրները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի փակումը:

Նա նաև կնշի, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու ապրանքների և մարդկանց հոսքը Լեռնային Ղարաբաղ։ 

Այցին ընդառաջ՝ նախարար Դոքերթին ասել է.  

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր ազդեցությունն է ունենում հազարավոր մարդկանց վրա, ու թեպետ մենք հումանիտար աջակցություն ենք տրամադրում, այս հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու կողմերի շարունակական և բարեխիղճ կերպով ներգրավվածությունն է բանակցություններում»։

Ավելի վաղ «Արմենպրես»-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ մայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին:

Մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս: