Լրահոս
Հասարակական
16:37
31.01.22
438

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկված ցուցարարներին

Img default alt hy

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանություն և հանդիպել ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին։ Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի հանրապետության հրապարակում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։

«Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»,-հայտնում են գրասենյակից:

ՀՀ ոստիկանությունից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել էին, որ վարորդների նկատմամբ կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։

Այսօր՝ հունվարի 31-ին, վարորդները ավտոերթ իրականացրին Հանրապետության հրապարակում, որից հետո մի քանիսը բերման ենթարկվեց, իսկ նրանց մեքենաներն էլ երթևեկելի գոտուց ավտոքարշակներով տեղափոխվեցին այլ վայր։

Հայաստանի ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:

Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։