Լրահոս
Հայաստան
20:38
13.01.22
233

Մեքենան այրվել է Արտաշիսյան փողոցում, ուղևորը՝ մոխրացել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ունվարի 13-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ա․ Հ․-ն հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Դեպքի վայրից «Հայլուրի» ուղիղ ռեպորտաժից րոպեներ անց, արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ պատահարի զոհը ոչ թե գազատարին բախված մեքենայի վարորդն է, այլ ուղևորը: Վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է: