Լրահոս
Միջազգային
09:45
24.09.24
169

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը մտահոգություն են հայտնել Լիբանանում խաղաղ բնակիչների անվտանգության վերաբերյալ

Img default alt hy

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերն իսրայելական  հրետակոծությունների ֆոնին անհանգստություն են հայտնել, կապված՝ հարավային Լիբանանում խաղաղ բնակիչների անվտանգության հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին,  Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերը հայտարարել են, որ  շարունակում են լարվածությունը նվազեցնելու ջանքերը:

«Այս վտանգավոր իրավիճակի ցանկացած հետագա սրացում կարող է ունենալ հեռուն գնացող և կործանարար հետևանքներ ոչ միայն նրանց համար, ովքեր ապրում են Կապույտ գծի երկու կողմերում (Լիբանանի և Իսրայելի սահմանը), այլ նաև ավելի լայն տարածաշրջանի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ պատրաստվում է հարվածել Բեկաայի հովտում գտնվող տներին, որտեղ պահվում են «Հեզբոլլահ»-ի ռազմավարական զենքեր։ Իսրայելի բանակի խոսնակը քաղաքացիական անձանց կոչ էր արել արագ տարհանվել։ 

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 182-ի, 727 մարդ վիրավոր է։ 

Երկրի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ զոհերի շարքում կան կանայք, երեխաներ և բժիշկներ։ 

Լիբանանի հարավային շրջաններից մարդիկ փորձում են փախչել իսրայելական գնդակոծությունից։ 

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Բեյրութում, Տրիպոլիում և Լիբանանի արևելյան և հարավային շրջաններում դպրոցները կծառայեն որպես ապաստարաններ տեղահանվածների համար։