Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:06
24.04.23
251

Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է. Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վերջին օրերին Լաչինի միջանքցի շուրջ ու հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ նման հայտարարություն է տարածել.

«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ առաքելության (ԽԱ) պատասխանատվության գոտում, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերաբերյալ։

Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճ, որոնք պարբերաբար երկու կողմից բերում են զոհերի։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։

Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում մենք հատկապես նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները, արդյո՞ք խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամակարգված փոփոխության մասին է, թե՞ այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին։

Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրանց ապրուստի համար խոչընդոտներ չստեղծվեն։

Մենք կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերը արդյունք են երկարամսյա պարապուրդի և բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության։

Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը։

Ռուսական կողմը պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել իր համար մտերիմ Ադրբեջանին և Հայաստանին, ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «գետնին»՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության մասնակցությամբ։

Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, ովքեր աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգի վրա, զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ նվաստացնող արշավի միջոցով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։