Լրահոս
Միջազգային
11:54
08.01.22
97

Կրակե՛լ․ Սպիտակ տունը անհանգստացած է Տոկաևի հրամանից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում մեկնաբանել են Ղազախստանում ցույցերը ճնշելը։  Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սպիտակ տանն անհանգստացած են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ առանց նախազգուշացման ահաբեկիչների վրա կրակ բացելու հրամանի պատճառով։ 

«Այդ հրամանն անհանգստություն է առաջացնում, և աշխարհը կհետևի մարդու իրավունքների խախտումներին։ ԱՄՆ-ը կոչ է անում կառավարական ուժերին կայունության վերականգնման գործում զսպվածություն դրսևորել»,- ասել է Ժան-Պիեռը։

Իր հերթին իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը դատապարտել է այդ որոշումն ու անվանել ոչ լեգիտիմ։

Իրավապաշտպանների խոսքով՝ իշխանությունները պետք է անհապաղ չեղարկեն այդ հրամանը, քանի որ այն խախտում է Ղազախստանի միջազգային-իրավական պարտավորությունները, հատկապես կյանքի իրավունքը հարգելու և պաշտպանելու պահանջը։

«Ոստիկանությունն ու զինված ուժերը պետք է անեն հնարավոր ամեն բան՝ մարդկային կյանքերի պաշտպանության համար և մահաբեր ուժ կիրառեն միայն ծայրահեղ դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։