Լրահոս
Հասարակական
13:20
19.02.22
492

Կուրսանտի ծնողն ահազանգում է․ որդուն ընդամենը 2 ժամով են տուն թողնում

Img default alt hy

«Oragir.news»-ին է ահազանգել Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտի ծնողը՝ ասելով, որ այնտեղ ուսանող իր որդուն ընդամենը 2 ժամով են տուն թողնում։ 

Կուրսանտի ծնողն ասել է, որ նախկինում որդին և մյուսներն էլ ամեն օր գնում էին տուն, տանը գիշերում և առավոտյան գնում համալսարան, սակայն կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով շուրջ 3 տարի չեն թողել, որ տուն գնան, կարճատև ազատ արձակումներ են եղել։ 

Վերջերս կուրսանտների տուն գնալը վերականգնվել է, սակայն 3 օր հետո ՊՆ-ից հրահանգ է ստացվել, որ ուսանողներին ընդամենը 2 ժամով բաց թողնեն․ 

«Պն-ում ինչ-որ մեկը քնել-զարթնել է, երազ է տեսել և որոշել, որ տղաս պետք է 2 ժամով տուն գա։ Բայց մինչև համալսարանից տուն է հասնում, այդ 2 ժամը լրանում է։ Մեր տեղեկություններով, համալսարանը ՊՆ-ին նամակ է գրել, որ այս հարցին լուծում տան։ Տղան լավ սովորում է, հասկանալի է, որ զինվորական ծառայություն է, խիստ պետք է լինի, բայց ծնողը չպե՞տք է իր որդուն տեսնի»,- ասել է կուրսանտի մայրը։ 

Նա նշել է, որ այդ հրամանը 5 օր առաջ է արձակվել, սակայն թե ի՞նչ պատճառով, կուրսանտներին չի պարզաբանվել։ 

Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ուսման տևողությունը 5 տարի է։ 

«Oragir.news»-ն այս թեմայով փորձել է պարզաբանում ստանալ ՊՆ-ից, սակայն զանգերին պատասխանող այդպես էլ չի եղել։ 

Ծնողն ասել է՝ շատ գոհ է համալսարանից, նա վստահ է, որ խնդիր ստեղծողը ՊՆ-ն է, այլ ոչ համալսարանի ղեկավարությունը։