Լրահոս
Հասարակական
15:37
19.04.22
212

Կնոջս՝ աշխատանքից ազատվելն առիթ էր ՔՊ–ից դուրս գալու. ինչո՞ւ Գյումրիի քաղաքապետարանից հեռացան մարզպետի եղբայրն ու կինը

Img default alt hy

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր կնոջ՝ Անի Քոչարյանի` Գյումրիի քաղաքապետարանից հեռանալու պատճառը միջազգային կազմակերպությանն ուղղված նամակի արձագանքներն են եղել: Նամակը նախաձեռնել է Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը, սակայն այն ուղարկվել է քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի պետ Անի Քոչարյանի անունից։

«NEWS․am»-ի հետ զրույցում փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը պատմել է, որ քաղաքապետարանը հաճախակի է խնդիրներ  ունեցել միջազգային կազմակերպության ծրագրերից մեկի մարզային ղեկավարի հետ։

«Զրուցել եմ կազմակերպության ներկայացուցչի հետ, ներկայացրել եմ խնդիրը, ինձ խնդրեցին գրավոր նամակ ուղարկել խնդիրն ուսումնասիրելու համար։ Ես հանձնարարել եմ Անի Քոչարյանին իր անունից ուղարկել նամակը։ Նամակը կարող էի նաև իմ անունից ուղարկել, սակայն խնդիրն արտաքին կապերի բաժնի իրավասության տիրույթում էր»,- նշել է Առուշանյանը։

Դավիթ Առուշանյանի խոսքով՝ նամակն ուղարկելիս ինքը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին չի տեղեկացրել։

«Մենք քաղաքապետի հետ բոլոր հարցերը չէ, որ քննարկում ենք, եթե դրանք խիստ կապված չեն քաղաքապետարանի աշխատանքի հետ։ Փոխքաղաքապետն էլ նամակ ուղարկելու լիազորություններ ունի»,- ասել է Առուշանյանը։

Փոխքաղաքապետը հայտնել է, որ նամակն ուղարկվել է արտաքին կապերի բաժնի բլանկով, ինչն անօրինական համարվել չի կարող։

«Այդ բլանկը ստեղծվել է տարիներ առաջ՝ նախքան Անի Քոչարյանի աշխատանքի անցնելը։ Շատ նամակներ գնում են հենց այդ բլանկով, այսինքն՝ այն չի կարող լինել կեղծ, նամակն էլ ուղարկվել է արտաքին կապերի բաժնի էլեկտրոնային հասցեից»,- ընդգծել է փոխքաղաքապետը։

Ըստ Դավիթ Առուշանյանի՝ Անի Քոչարյանի՝ աշխատանքից ազատման պատճառը հավանաբար եղել է նամակից հետո եղած արձագանքներն այն կնոջ կողմից, ում դեմ այն գրվել է։

«Անին շատ պատվախնդիր պահեց իրեն, ազատման դիմումի պատճառը գուցե նաև այն էր, որ այդ կինը սոցիալական ցանցերով, զանգերով իրեն շատ բուռն պահեց։ Ես Անիին հորդորել եմ հրաժարական չտալ»,- ասել է Առուշանյանը։

Դավիթ Առուշանյանը միջադեպի պատճառով հրաժարական տալ չի պատրաստվում։

«Ես արձակուրդում եմ նախորդ շաբաթվանից, այս գործընթացները սկսվել են ուրբաթ օրը, իմ արձակուրդը կապ չունի դրա հետ։ Միանշանակ, չեմ մտածել ազատման դիմում գրելու մասին։ Ինչո՞ւ ազատման դիմում գրեմ»,- հավելել է Առուշանյանը։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը «NEWS.am»-ի զրույցում ասել է, որ իր կինն աշխատանքից ազատման դիմում է գրել այն տիկնոջ պատճառով, որի մասին եղել է բողոք-նամակը։

«Ես խնդրի մասին տեղեկացել եմ կատարվածից հետո։ Այդ կինը մի քանի շաբաթ առաջ զանգել էր կնոջս, որպեսզի աղմուկ չբարձրանար, խնդիրներ չլինեն, կինս ազատման դիմում գրեց։ Նա ագրեսիվ արտահայտություններ է արել նաև փոխքաղաքապետ Առուշանյանի հասցեին։ Կարելի է ասել, որ հարգանքի արժանի կին է, որ կարողացել է հասնել բաժնի պետի ազատմանը»,- նշել է Բաղդասարյանը։

Կնոջ՝ աշխատանքից ազատվելուց հետո Արման Բաղդասարյանը վայր է դրել ավագանու մանդատը և դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Լրագրողը հետաքրքրվել է՝ միջադեպը գլխավո՞ր պատճառն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար։

«Այդ դեպքը առիթ հանդիսացավ, որ դուրս գամ կուսակցությունից, բայց պատճառն ավելի խորքային էր, ինչի մասին խոսել չեմ ուզում։ Սա «հուսահատության ճիչ էր», որ ժողովուրդ, սթափվեք, լուրջ խնդիր ունենք։

Եթե կլսվի՝ լավ է, չի լսվի՝ միևնույն է, մեր նման նվիրյալ մարդիկ անհրաժեշտության դեպքում կկանգնեն վարչապետի կողքին։ Կուսակցության անդամ լինելը ֆորմալ բան է, որևէ բան չի փոխելու իմ սկզբունքներում։ Ես կուսակցության հետ եմ եղել ամենածանր պահին, երբ բոլորը լքում էին կուսակցությունը»,- ասել է Արման Բաղդասարյանը։

Նա չի պատասխանել հարցին՝ իր կնոջը որևէ մեկը հորդորե՞լ է ազատման դիմում գրել, թե ոչ։

Բաղդասարյանի խոսքով՝ միջադեպը որևէ խնդիր չի առաջացրել փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի հետ։ Իրենք լավ ընկերներ են։

Քննադատությունները, թե ինքը և կինը քաղաքապետարանում հայտնվել էին Նազելի Բաղդասարյանի շնորհիվ, Արման Բաղդասարյանը ծիծաղելի է համարել։

«Թիմում բոլորն էլ գիտեն, ով ինչքան ջանք է թափել  կուսակցության համար, ինչի է արժանի։ Ոչ մի կապ չունի՝ ում բարեկամն ես, եթե ունես փորձ և գիտելիքներ։ Իմ քրոջ գործոնը զրոյական է եղել, եղել է իմ գործոնը»,- հավելել է Բաղդասարյանը։