Լրահոս
Առողջապահական
19:50
04.01.23
193

Կիֆոզ. ողնաշարի քրոնիկ հիվանդության ընդգծված կողմը

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Կիֆոզը ողնաշարի կորությունն է՝ ուղղված դեպի առաջ. ուռուցիկ թեքությունը, որն արտահայտվում է մեջքի խոնարհված կեցվածքով (կուզ):

Նորմայում ողնաշարի կրծքային հատվածն ուղիղ դիրքում ունի թեթևակի թեք (կիֆոտիկ)` 20-45 աստիճան անկյուն: Կիֆոզ (կամ հիպերկիֆոզ) է ախտորոշվում, երբ այդ թեքությունը գերազանցում է 45 աստիճանը։

Ողնաշարի ախտաբանական այս ձևափոխումը կարող է զարգանալ բոլոր տարիքներում, սակայն առավել տարածված է մեծ տարիքի կանանց շրջանում՝ որպես ողնաշարի դեգեներատիվ խնդիրների հետևանք:

Տարիքով պայմանավորված կիֆոզը հաճախ առաջանում է ողնաշարը կազմող ոսկրերի՝ ողերի թուլացման արդյունքում, որի պատճառով դրանք սեղմվում կամ ճաքում են: Կիֆոզի այլ տեսակները կարող են ի հայտ գալ նորածինների կամ անչափահասների մոտ (բնածին կիֆոզ), երբ դեռևս ներարգանդային կյանքում ողնաշարը ճիշտ չի ձևավորվում, որը հետագայում երեխայի զարգացմանը զուգընթաց հանգեցնում է կիֆոզի:

Թեթև կիֆոզը սովորաբար քիչ խնդիրներ է առաջացնում, մինչդեռ ծանր կիֆոզը կարող է ուղեկցվել հյուծիչ ցավերով և բերել կեցվածքի լուրջ ձևափոխման ու անհարմարությունների, շնչառական, սրտային, մարսողական և այլ բարդությունների:

Կիֆոզի բուժումը կախված է հիվանդի տարիքից, պատճառից և կիֆոտիկ ծռումների ազդեցություններից: Կիֆոզի ծանր դեպքերում կարող է առաջանալ ողնաշարի վիրահատության անհրաժեշտություն, որը ունակ է որոշակիորեն վերականգնել ծռվածության բնականոն աստիճանը։

Առողջ ողնաշար կազմող առանձին ոսկերը՝ ողերը գլանաձև ոսկրեր են, որոնք համաչափ դասավորված են միմյանց վրա:

Կիֆոզը զարգանում է, երբ ողնաշարի վերին մասի ողերի դասավորությունը դառնում է ախտաբանական թեքված, որի պատճառով ողնասյան հատվածները լիովին կամ մասնակիորեն կորցնում են գոտկային ուրվագիծը, որն էլ առաջացնում է մեջքի խոնարհում և կոր կեցվածք։

Ողերի այսպիսի ախտահարումը կարող է ունենալ տարբեր պատճառներ.

Կոտրվածքներ. Կոտրված կամ ճաքած ողերը կարող են առաջացնել ողնաշարի կորացում: Թեթև սեղմված կոտրվածքները հաճախ որևէ նշանակալից գանգատի կամ ախտանիշի չեն բերում:

Օստեոպորոզ. Ոսկրերը հյուծող այս հիվանդությունը կարող է բերել ողնաշարի ծռումների, հատկապես, եթե թուլացած ողերը հանգեցնում են սեղմված կոտրվածքների:

Միջողնային սկավառակի դեգեներացիա. Ողերի միջև գտնվող փափուկ կլորավուն սկավառակները գործում են որպես բարձիկներ՝ ապահովելով քիչ շարժունակություն և ողնաշարի ճկունություն: Տարիքի հետ դրանք չորանում և կնճռոտվում են, որը հաճախ վատթարացնում է կիֆոզը:

Համախտանիշներ. Երեխաների մոտ կիֆոզը կարող է կապված լինել նաև որոշ համախտանիշների հետ, օրինակ՝ Էհլեր-Դանլոսի համախտանիշ կամ Մարֆանի համախտանիշ:

Քաղցկեղ. Մեջքում տեղակացված քաղցկեղը կարող է թուլացնել ողնաշարը և բարձրացնել կոմպրեսիոն կոտրվածքների հավանականությունը: Նույնը վերաբերվում է քաղցկեղի բուժումներին՝ քիմիոթերապիային և ճառագայթային բուժմանը»: