Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ արդեն երկու տարի է, ինչ ԵՊՀ-ն ռեկտոր չունի։ Անընդհատ շրջանառվում է այն թեման, թե շուտով ռեկտորի ընտրություններ են տեղի ունենալու, սակայն այդ ընտրություններն այդպես էլ չեն իրականանում։ Իշխանություններին պետք է, որ համալսարանում ճգնաժամը պահպանվի այնքան, մինչև ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ձեռնտու լինի իրենց։
Դրա համար էլ իշխանությունների հրահանգավորման արդյունքում ԵՊՀ խորհրդի նիստերն ուղղակի չեն կայանում, որպեսզի հնարավոր չլինի ռեկտոր ընտրել։ Բայց դա քիչ չէ, իշխանությունները փորձում են հասնել նրան, որ ԵՊՀ-ն կառուցվածքային առումով կազմալուծված վիճակի առաջ կանգնի։ Եվ պատահական չէ, որ օրերս պարզ դարձավ, որ իշխանության կողմից ներկայացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 15 անդամ հրաժարվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամությունից։
Իշխանությունների նպատակը խորհրդի լուծարումն է: Դրան հասնել դեռևս չհաջողվեց: Ի դեպ, այս հարցի շուրջ ԵՊՀ գիտական խորհրդի անդամները դիմել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Իսկ թե որն է իշխանությունների վերջնական նպատակը, այս հարցում կարծիքները մի քանի մասի են բաժանվում։
Եթե հիշում եք, վերջերս իր մարզային այցելություններից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք նախագիծ ունեն բուհերի շենքերը վաճառքի հանելու և այդ գումարով ակադեմիական քաղաք կառուցելու համար։ Եվ շատ հավանական է համարվում այն տարբերակը, որ իշխանություններին անհրաժեշտ է ԵՊՀ-ն կազմաքանդել, որպեսզի կարողանան ԵՊՀ շենքի մասնավորեցումն առանց խոչընդոտների իրականացնել:
Տեսակետ կա նաև, որ համալսարանի դեմ ուղղված քայլերի միջոցով իշխանությունները փորձում են վրեժ լուծել համալսարանի անձնակազմից՝ նրանց ցուցաբերած կեցվածքի համար, քանի որ ամիսներ առաջ ԵՊՀ գիտական խորհուրդը ձայների մեծամասնությամբ պահանջել էր Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։ Սակայն հավանական է համարվում նաև այն տարբերակը, որ իշխանությունները փորձում են ուղղակի այնպիսի իրավիճակ ստեղծել համալսարանում, որը հնարավորություն կտա իրենց ցանկացած անձին ուղղակի ռեկտոր կարգել, դրանով էլ նրանք համալսարանը վերահսկելու և իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու հնարավորություն կստանան։
Մարտի վերջին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների աղմկահարույց նախագիծը, որի ընդունմանը դեմ էին հանդես եկել Գիտությունների ազգային ակադեմիան, մի շարք բուհեր` ԵՊՀ–ն, Երևանի պետական բժշկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը։ Այդ նախագիծը ենթադրում է, որ բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից:
Այսինքն՝ ԿԳՍՄ նախարարության կողմից նշանակված կառավարման խորհրդի անդամները ընտրելու են ռեկտորի թեկնածուների, իսկ նախարարը հաստատելու է մեկին կամ մերժելու է թեկնածուներին, եթե անգամ կա մեկ թեկնածու։ Իսկ այլ կերպ ասած՝ ռեկտորի պաշտոնը փաստացի նշանակովի է դառնում, ինչը բազմաթիվ մասնագետներ հակասահմանադրական են համարում։ Փաստորեն, ստացվում է, որ ԵՊՀ-ում ճգնաժամի պահպանումը իշխանությունների համար առավել քան ձեռնտու է, քանի որ այդպիսով համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ինքն իրենով հնարավորություն չի ունենա ռեկտոր ընտրել, մինչև որ այս աղմկահարույց օրենքով իշխանությունները կհասնեն «իրենց սրտի» ռեկտորի նշանակմանը»։