Լրահոս
Մշակույթ
12:03
18.04.22
502

Ինչպիսին չպիտի լինի հայը. Վահրամ Սահակյանը՝ «Կատակամարտ»-ի ստեղծման, նպատակի ու իսկական հայի մասին

Img default alt hy

Թե ուզում եք իմանալ ինչպիսին չպիտի լինի իսկական հայը, պետք է դիտել թատերագիր Վահրամ Սահակյանի «Կատակամարտ» ներկայացումը: Վատ բարքերի, դավաճան հայի, անմիտ մտավորականների ու բանից անտեղյակ իշխանականների մասին է կատակերգությունը: Ապրիլի 22-ին և 23-ին՝ ուրբաթ և շաբաթ, ներկայացման, ամենայն հավանականությամբ, վերջին պրեմիերան է լինելու: Զրուցել ենք հեղինակի՝ Վահրամ Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, ներկայացումն ինչի՞ մասին է:

-«Կատակամարտ»-ը մեր հայրենիքի, այսօրվա օրհասական վիճակի, մեր վախկոտության, մեր մտավորականների ծախվածության, գոռոզության, մեծամտության և այն ամենի մասին է, ինչը հենց հիմա հետաքրքրում է այսօրվա իսկական հային: Ես որ ասում եմ հենց հիմա, նկատի ունեմ հենց ապրիլի 22-ին և 23-ին: Ինձ շատ են ասում, որ ներկայացումը քաղաքական է, հենց ներկայացման մեջ էլ կան նման բաներ:

Ես ասում եմ՝ «Կատակամարտ»-ը հայրենասիրական է: Եթե որոշ սրիկաներ հայրենասիրությունը, հայրենիքի մասին մարդու մտահոգությունը համարում են քաղաքական, ներկայացման մեջ նրանք խայտառակ են արվում:

Իմ գործընկեր-արվեստագետներից շատերը հիմա, եբ հարցնում ես մեր հայրենիքի վիճակի մասին, պատասխանում են՝ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում: Հենց սրանց պատճառով ենք մենք այս վիճակում հայտնվել: Եթե ինչ-որ մեկը ուզում է համախմբվել ծանր վիճակից դուրս գալու համար, պիտի գա ու դիտի ներկայացումը: 

-Այսինքն ներկայացման մեջ այսօրվա հա՞յն է փնովվում:

-Այո, փնովվում է նրա էությունը: Փնովվում է ոչ միայն բանական էակ մարդը, այլ նաև կենդանիները:  Նրանց դատապարտում ենք հայրենիքը ծախելու, մեզ ստորացնելու համար: Կա մի մտավորական, որի անունն է Գոռ Մտնունց, հայհոյում է նախկին իշխանություններին:

Երբ իրեն հարցնում են, եթե վատն են այդ իշխանությունները, ինչու՞ ես նրանցից վերցրել բնակարան, մեքենա, նա իրեն այնքան հանգիստ է պահում, որ արդեն իրենց պատճառով առաջացած ախտը մարդկանց այլևս չի զարմացնում: Այսինքն՝ նրանք ասեն՝ մարդը հենց այդպես էլ պիտի լինի: 

-«Կատակամարտ»-ը էլի՞ եք բեմադրելու, այսինքն  մարդիկ հնարավորություն կունենա՞ն մեկ անգամ էլ դիտելու այն:

-Ներկայացումը հնարավոր է, որ լինի վերջինը, որովհետև մենք ուրիշ այլ ծրագրեր ունենք: Մենք չունենք թղթե տոմսեր, մարդիկ կարող են ներկայացման համար տոմս պատվիրել tomsarkgh.am կայքից կամ զանգահարել 060 276 000: Եթե չգնեն տոմսեր, կարծում եմ՝ շատ բան կկորցնեն: Դիտել կարող են 12 տարեկանից սկսած:

-Ի՞նչ արժեն տոմսերը:

-Տարբեր գների են, 5000-ից 8000 դրամ, տևողությունը՝ 1 ժամ 20 րոպե: Ներկայացումը ցույց է տալիս մեր իրական դեմքը ու ամոթով թողնում նրան, ով այդպիսինն է:

-Ձեզ մոտ ե՞րբ առաջացավ «Կատակամարտ»-ն ստեղծելու գաղափարը:

-Վերնագիրը վերջում ենք հնարել: Որոշեցինք՝ ներկայացման մեջ էլ հենց այնպես է, որ ասենք՝ կատակներով մարտը վարեք, որովհետև ատելության խոսք պետք չէ հնչեցնել, հայհոյանք պետք չէ օգտագործել: Ամբողջ ձմեռվա ընթացքում իմ մեջ կուտակեցի ինչ-որ եղավ, ու ստեղծվեց այս ներկայացումը: Այնտեղ կան նաև ընտրություններից դրվագներ, որ ավարտվեց ամոթալի արդյունքներով:

-Եվ վերջին հարցը, պարոն Սահակյան, ինչպիսի՞ն պիտի լինի իսկական հայը՝ ձեր աչքերով:

-Պիտի լինի հայրենասեր, հայրենիքի համար ոչինչ չխնայող ու հայրենի հողն ուրիշին չնվիրող: Ես ունեմ հայի մասին իմ պատկերացումները, իսկ թե մարդիկ ուզում են կոնկրետ իմանան, թող  գնեն տոմսերը, գան ու տեսնեն՝ ինչպիսին ՉՊԻՏԻ լինի հայը: