Լրահոս
Առողջապահական
18:15
07.08.25
141

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ

Img default alt hy

Արևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։

Ինչո՞ւ է այն առաջանում.
Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը կարող է ուժեղանալ, եթե մեր օրգանիզմում կան որոշակի նյութեր կամ արտաքին գործոններ, որոնք «թուլացնում» են մաշկի պաշտպանությունը․
- որոշ դեղեր (հակաբիոտիկների, ցավազրկողների, միզամուղների որոշ խմբեր),
- բուսական որոշ եթերայուղեր ու քսուքներ (օր.՝ նարդոս (лаванда), ցիտրուսներ և այլն),
- որոշ մաշկային հիվանդություններ կամ գենետիկ նախատրամադրվածություն,
- ալերգիկ ռեակցիաներ:

Նպաստող գործոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել.
- առանց պաշտպանիչ միջոցների (գլխարկ, պաշտպանիչ հագուստ) արևի տակ երկարատև մնալը,
- սոլյարիի հաճախակի օգտագործումը,
- քսուքներ կամ դեղեր, որոնց ազդեցության մասին չենք խորհրդակցել բժշկի հետ:

Ինչպե՞ս ճանաչել ֆոտոմաշկաբորբը.
Եթե արևից հետո մաշկի վրա նկատում եք՝
- կարմրություն, այրոց, քոր,
- մանր ցան կամ բշտիկներ,
- այտուցվածություն կամ թեփոտում, ապա դիմե՛ք մաշկաբանի։ Մի՛ փորձեք ինքնուրույն բուժել կամ «տնային միջոցներ» օգտագործել, քանի որ դրանով հաճախ ավելի եք խորացնում խնդիրը։

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից.
- օգտագործե՛ք SPF 50 կամ ավելի բարձր արևապաշտպան քսուք ամեն օր (նույնիսկ ամպամած եղանակին),
-  կրե՛ք բաց գույների, թեթև, բայց ծածկող հագուստ,
- խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ընդունում եք որևէ նոր դեղամիջոց,
- խուսափե՛ք ինքնուրույն քսուքներ կամ բուսական թուրմեր օգտագործելուց, եթե պատրաստվում եք երկար մնալ արևի տակ:

Հիշե՛ք`ֆոտոմաշկաբորբը բուժելի է, իսկ ճիշտ կանխարգելմամբ՝ խուսափելի: Եթե նկատել եք նման նշաններ, դիմե՛ք մաշկաբանի։ Առողջ մաշկը ձեր ամենօրյա հարմարավետության ու կյանքի որակի կարևոր մասն է։

ԱՆ խորհրդատու մաշկաբանության և վեներոլոգիայի գծով
Հովհաննես Հովհաննիսյան