Լրահոս
Մամուլի տեսություն
09:56
13.06.26
187

Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ»

Img default alt hy

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների դիսկուրսն ունի մի կարևոր ներքին նրբություն, որը սովորաբար դուրս է մնում հանրային ուշադրությունից։ Վերջին շրջանում ակտիվացած այս քննարկումները սովորաբար վերլուծվում են զուտ արտաքին քաղաքական ճնշումների համատեքստում, սակայն դրանց կյանքի կոչման ներքաղաքական ու իրավական մեխանիզմները պահանջում են շատ ավելի լուրջ քաղաքագիտական հայացք։

Այս ամենի հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի այն առանձնահատկությունը, որն առնչվում է խորհրդարանի ձևավորման տրամաբանությանը։ Գործող համակարգն այնպիսին է, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, նույնիսկ եթե որևէ իշխող քաղաքական ուժ հավաքի քվեների 100 տոկոսը, խորհրդարանի տեղերի առնվազն մեկ երրորդը օրենքի ուժով պարտադիր կերպով պետք է տրվի ընդդիմադիր ուժերին։ Սա նշանակում է, որ իշխող ուժն անգամ բացարձակ ձայների գերակշռությունը տանելու դեպքում միայնակ երբեք չի ունենալու այնպիսի մեծամասնություն, որը թույլ կտա սեփական ուժերով անցկացնել սահմանադրական փոփոխություններ։ Հետևաբար, գործող վարչախումբը մշտապես կանգնելու է Սահմանադրություն փոխելու իրավական արգելքի և խնդրի առաջ, քանի դեռ չի կարողացել լուծել պակասող ձայների հարցը։

Այս սահմանադրական արգելքը հաղթահարելու համար իշխանությունները փորձեցին իրենց զուգահեռ աճեցնել սատելիտ ուժեր։ Այս ընդհանուր պլանի ամենաակնհայտ ներկայացուցիչը Գուրգեն Սիմոնյանն էր, որին արևմտյան քաղտեխնոլոգներն ու արևմտյան՝ իբր հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպությունները, բարձր տոկոսներ նկարելով, արդեն իսկ ներկայացնում էին որպես խորհրդարան անցնող ուժ։ Նա, որպես իբր ընդդիմադիր բևեռ, պետք է մտներ խորհրդարան և այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին հաղթահարեր Սահմանադրություն փոխելու իրավական արգելքը՝ կյանքի կոչելով Նիկոլ Փաշինյանի կողմից Ալիևին տրված սահմանադրական խոստումները։ Քաղաքական պատմության մեջ սա նոր երևույթ չէ. նախորդ համակարգերի պարագայում նմանատիպ խնդիրները լուծվում էին հստակ մեխանիզմով, երբ վարչական ռեսուրսի ուղղորդմամբ իշխանությանը լիովին ենթակա ընտրազանգվածին, օրինակ՝ զինված ուժերին կամ նմանատիպ այլ փակ կառույցներին վերևից հրահանգվում էր ընտրել այս կամ այն կոնկրետ սատելիտ ուժին։ Ըստ էության, սահմանադրական այդ արգելքը հաղթահարելու համար նմանատիպ աջակցություն պիտի հենց Գուրգեն Սիմոնյանը ստանար, որպեսզի անցներ խորհրդարան և իր մի քանի մանդատով դառնար իշխանության պաշտոնական կցորդը։

Մարտավարական առումով Գուրգեն Սիմոնյանը հիմնականում խաղում էր այն էլեկտորատի քվեները շահելու և փոշիացնելու վրա, որը ներկայացնում էին Արման Թաթոյանը, Հայկ Մարությանը և այլ քաղաքական ուժեր։ Նրա հիմնական նպատակն էր սեփականաշնորհել այս հարթակների դաշտը, սակայն, չստանալով շոշափելի կազմակերպչական ու նյութական աջակցություն և անհրաժեշտ ռեսուրսներ, այդպես էլ չկարողացավ իր վրա դրված այդ պլանը կատարել։ Արդյունքում նա ներկայացավ ընդամենը որպես քաղաքական դաշտի մի մեծ փուչիկ, երևույթ, ինչի մասին «Փաստն», ի դեպ, ամիսներ ու տարիներ շարունակ պարբերաբար նախազգուշացրել ու գրել է իր վերլուծական հոդվածներում։

Ի վերջո, գծված պլանը բախվեց ներքաղաքական իրականության դաժան պատին և տապալվեց։ Իշխանությունը, կարծես թե, չուներ առաջին տեղը գրավելու խնդիր՝ ըստ բոլոր հետազոտությունների, սակայն պարտության մեծ վախ ուներ երեք խոշոր ընդդիմադիր ուժերի խորհրդարան անցնելու և այնտեղ միավորվելու պարագայում։ Հենց այդ պատճառով ողջ վարչական ու կազմակերպչական ռեսուրսը նետվեց և դրվեց բացառապես սեփական վերարտադրությունն ապահովելու գործին՝ լիովին աչքաթող անելով սեփական սատելիտներին իր հետ խորհրդարան տանելու նախնական պլանը։

Այս իրավիճակում Գուրգեն Սիմոնյանն ու իր նախագիծը մնացին առանց իշխանական իրական թիկունքի և մնացին բախտի քմահաճույքին։ Նա մնաց միայն արևմտյան քաղտեխնոլոգների վիրտուալ հույսին ու նկարած թվերին, ինչն էլ հանգեցրեց ողջ օպերացիայի տապալմանը։ Այսպիսով, սատելիտների ներմուծման տապալված փորձը ցույց է տալիս, որ սեփական պարտության վախն ու վերարտադրության ներքին ճգնաժամն այնքան խորն են, որ իշխանությունն անգամ սեփական աշխարհաքաղաքական տեխնոլոգիաներն առաջ տանելու և Ալիևի պահանջները նախապես գծված մեխանիզմներով սպասարկելու ռեսուրս այլևս չունի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։