Լրահոս
Իրավական
15:16
16.04.21
84

Ի՞նչ պաշտոն են խոստացել դատավոր Սերգեյ Չիչոյանին իր ձայնի դիմաց. 168.am

Img default alt hy

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ թե որպես ԲԴԽ նախագահ, թե որպես դատավոր, երեկոյան ուշ ժամի ԲԴԽ-ում հրավիրված հրատապ նիստի ժամանակ, գրում է 168.am-ը:

Նրա լիազորությունների կասեցման համար անհրաժեշտ էր 6 ձայն: 5 ձայն ապահովել են իշխող քաղաքական մեծամասնության կողմից ընտված իրավաբան-գիտնականները՝ Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը, իսկ մյուս մեկ ձայնը տվել է դատավոր Սերգեյ Չիչոյանը: Սա շոկ է առաջացրել դատական համակարգում:

Ռուբեն Վարդազարյանը քվեարկությանը չի մասնակցել: Այսինքն՝ վերջինիս լիազորությունները կասեցվել են ԲԴԽ դատավոր-անդամի՝ Սերգեյ Չիչոյանի մեկ ձայնով: Մյուս դատավորները՝ Մեսրոպ Մակյանը, Անի Մխիթարյանն ու Ստեփան Միքայելյանը, դեմ են եղել ԲԴԽ նախագահի լիազորությունների դադարեցման պատճառին:

Մինչ երեկվանից բոլորը փորձում են հասկանալ, թե ո՞րն էր Սերգեյ Չիչոյանի՝ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցմանը կողմ քվեարկելու դրդապատճառը, և ոմանք այդ տրամաբանությունը փորձում էին գտնել կառավարությունում իրավապահ համակարգի ու դատավորների հետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հանդիպման տրամաբանության շրջանակներում, 168.am-ին տեղեկություններ հասան Սերգեյ Չիչոյանի մոտիվացիայի մասին:

Պարզվում է, վերջինս հատուկ սեր ունի բարձր պաշտոնների նկատմամբ, և նրա այդ հավակնություններն իմանալով էլ հենց իշխանությունները կարողացել են ստանալ այդքան անհրաժեշտ այդ մեկ ձայնը:

Ըստ այդմ՝ Գագիկ Ջհանգիրյանի միջոցով Սերգեյ Չիչոյանին առաջարկվել է դառնալ կամ նորաստեղծ Կոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ, կամ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Վազգեն Ռշտունին է, ում լիազորությունների ժամկետը, սակայն, ավարտվում է առաջիկա ամիսներին:

Թե, ի վերջո, որտե՞ղ կհանգրվանի Սերգեյ Չիչոյանը, ժամանակը ցույց կտա, բայց որ իր ձայնը վերջինս բավականին թանկ է վաճառել, այս պահին առավել քան ակնհայտ է: