Լրահոս
Հայաստան
18:00
19.02.22
352

Ի՞նչ գրքեր կարդալ ու նվիրել․ ՀԳՄ նախագահն է խորհուրդ տալիս

Img default alt hy

Փետրվարի 19-ը հայկական տոնացույցի գրական տոնի՝ գիրք նվիրելու օրն է։ Այն պաշտոնապես 2008 թ․ հաստատել է ՀՀ կառավարությունը, իսկ համազգային նախաձեռնությունն արդեն նշում են Հայաստանում և Արցախում։ Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ և այլն։  

Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում ընդգծում է՝ պատահական չէ գիրք նվիրելու օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը։  

«Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր»։  

Մեր այն հարցին, թե որո՞նք են իր վրա մեծապես ազդեցություն թողած ու մշտապես վերընթերցվող գրքերը, մտավորականն աներկբա պատասխանեց՝ հայկական ժողովրդական հեքիաթներն ու Աստվածաշունչը։  

«Վերջին շրջանում բազում գրքեր են տպագրվում։ Պիտի նշեմ, որ պոեզիան է, որ առավելապես ձգում է հայ ընթերցողին»,- նկատեց Միլիտոնյանը։  

ՀԳՄ նախագահը հայ ընթերցողին նաև խորհուրդ է տալիս, ի թիվս այլոց, կարդալ Վիլյամ Սարոյան,Սերվանտես,արևմտահայ պոեզիա` Մեծարենց, Վարուժան, հայ դասականներին`Թումանյան, Իսահակյան, Չարենց,Կոստան Զարյան և ժամանակակից հայ լավագույն գրողներին։

Իսկապե՛ս, գիրք նվիրելու տոնը կարող է հոգևոր կարևոր առանցք ու ավյուն դառնալ մեր դժվարին ու նյութականացված ժամանակների համար, որովհետև Գրի նկատմամբ հայոց ակնածանքը որքան բազմադարյան է, նույնքան՝ կենսունակ ու հանձնառու առաքելություն։