Լրահոս
Հասարակական
23:40
02.08.25
516

Հրդեհ՝ Երևանում․ պատճառը եղել է գազաբալոնից առաջացած արտահոսքը

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ապա լրացուցիչ թիվ 8-րդ հրշեջ փրկարարական  ջոկատից՝ 1 մարտական  հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը երկրորդ հարկի բնակարանի պատշգամբում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրդեհը բռնկվել է պատշգամբում և տարածվել դեպի կից սենյակ, որտեղ այրվել են կենցաղային իրեր և գույք։

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում 3 քաղաքացու և 2 հրշեջի օգնություն են ցուցաբերել, քանի որ ծխահարվել էին։

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Պարզվել է, որ բնակարանը գազաֆիկացված չի և հրդեհը բռնկվել է 3 կգ-ոնց գազաբալոնից՝ գազի արտահոսքի հետևանքով։

Պարեկային ծառայությունը պարզում է բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը։