Լրահոս
Հայաստան
00:01
14.01.22
1 848

Հրամանատարը․ Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան

Յուրահատուկ վերաբերմունք ուներ իր մոր նկատմամբ. ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ անգամ պատասխանում էր երկու մարդու հեռախոսազանգի՝  ընդհանուր վերադասի և մոր: Կարևոր չէր՝ հրետակոծություն էր, ավիացիայի հարվածներ էին, միևնույն է՝ պատասխանում էր: Ասում էր. 

‹‹Մամ ջան, լավ ենք` խփելով, ջարդելով առաջ ենք գնում…››:

Այսպիսին էր ՀՀ Ազգային հերոս, ռազմական 5 բուհ ավարտած Վահագն Ասատրյանը։

Բուժաշխատողներ Ֆելիքս Ասատրյանի և Սիմա Պետրոսյանի ընտանիքում 45 տարի առաջ հենց այս օրը՝ հունվարի 14-ին, ծնվեց Վահագնը՝ տան կրտսեր տղան։ Դեռ մանկուց զինվորական կրթության և ծառայության ընթացքում Վահագնի համար հերոսի, զինվորական հրամանատարի բացարձակ կերպար է եղել Մոնթե Մելքոնյանը։ 

Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ 

Հոկտեմբերի առաջին օրերին Վահագնի մշակած ռազմական գործողությամբ ու հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացել է վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը՝ տալով մեկ զոհ՝ Խաչատուրյան Խաչատուրին։ Վահագն Ասատրյանի կարգադրությամբ այդ դիրքը կոչվել է զոհված Խաչատուրյանի պատվին։

Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ Շահումյանի շրջանից տեղափոխվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված։ 

Ընթացող մարտական գործողությունների ժամանակ իր ստորաբաժանման հետ ընկել է շրջափակման մեջ։ Ասատրյանի հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացել է ճեղքել և դուրս գալ շրջափակումից։ 

Այդ մարտերի ժամանակ նրա ստորաբաժանումը տվել է մեկ զոհ՝ Հենզելը։ Ըստ ականատեսների՝ շրջափակման մեջ գտնվելու ժամանակ իրադրությունն այնպիսին է եղել, որ ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ։

Ասատրյանի օգնական Արթուր Մուսայելյանը ասում է, որ Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։

Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով ոչնչացնել։

Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։

Հերոս Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։

2014 թվականի մայիսի 28-ին Վահագն Ասատրյանը «զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

2020թ․ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ «հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանը։ 

Հերոսը հանգչում է Եռաբլուր զինվորական պանթեոնում։