Լրահոս
Հայաստան
11:06
16.01.22
999

Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չեն․ Էդուարդ Շարմազանով

Img default alt hy

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  գրում է, որ պետության գահավիժումը կանգնեցնելու և պետականության «փշրանքները» պահպանելու համար պետք է մնալ և ապրել Հայաստանում․

«Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, հողատու ռեժիմի վերարտադրության, թուրքերի հետ նվաստացուցիչ «խաղաղության դարաշրջան» բացելու, քաղաքական ձերբակալությունների, տնտեսության գահավիժման և ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։

Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝ այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։ 

Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է և մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝ պաշտպանելով ու շենացնելով այն։

Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երևույթ չէ ,այն եղել է միջնադարում և անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։

Մենք թուլացանք որպես ազգ, երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային, իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։

Թուլացանք, երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչեւ Կիեւյան Ռուսիա և Լեհաստան։

Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։

Այսօր էլ Շուշին ու Հադրութն են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։

Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրը լուծելու ճանապարհ չէ,սա փախուստ է խնդրից։

Իսկ խնդրի լուծումը հետևյալն է. մնալ ,ապրել ու պայքարել Հայաստանում ու հանուն Հայաստանի։

Հեշտ է լինելու՞։ Իհարկե ՝ ոչ։

Բայց այլ ճանապարհ չկա։

Պետք է ապրել Հայաստանը հակապետական ռեժիմից ազատելու, պետության գահավիժումը կանգնեցնելու և պետականության «փշրանքները» պահպանելու համար»։