Լրահոս
Հայաստան
11:12
13.01.22
296

Հունվարից ապրիլ կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ

2022թ․ հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։

Այսօր՝ հունվարի 13-ին, պաշտպանության նախարարության այս առաջարկը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը,  նաև ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսները` վարժական և ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար։

Հավաքների նպատակը, ըստ նախագծի, պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։

Հայտարարվող վարժական հավաքները նախատեսված են ՊՆ-ի 2022թ․ տարեկան ծրագրով։ Ծախսերն իրականացվելու են 2022թ․ պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: