Լրահոս
Միջազգային
11:29
26.05.22
203

Հայտնի է, թե սահմանի որ հատվածում է տեղի ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը

Img default alt hy

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի մայիսի 24-ին հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ սահմանին: Այս մասին «News.am»-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

«Հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ»,- ասել են գրասենյակից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

ԱԳՆ-ի հաղորդմամբ, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։

Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։