Լրահոս
Արցախ
16:03
11.01.22
1 451

Հայկական մի շարք տեղանուններ Google-ում արդեն փոխարինվել են ադրբեջանականով. Ասադով

«Ռիա Նովոստին», հղում անելով ադրբեջանական տիեզերական գործակալության («Ազերկոսմոս») նախագահ Սամեդին Ասադովին, հայտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Ղարաբաղի մի շարք հայկական տեղանուններ Google Maps հավելվածում փոխարինվել են ադրբեջանականով: 

Դեկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել էր Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղում գտնվող տարածքների հայկական անվանումներից։

Օրեր առաջ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ էր հղել Google ընկերությանը՝ կոչ անելով չհեռացնել հայկական աշխարհագրական անվանումները թվային քարտեզներից։

Այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի քաղաքների և շրջանների անունները Google Maps հավելվածում նշված են ադրբեջաներեն և հայերեն տարբերակներով:

«Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից էլեկտրոնային անվտանգության կենտրոնը Google-ի հետ բանակցությունները շարունակում է Ղարաբաղում բնակավայրերի անվանումները ընկերության որոնողական համակարգի քարտեզներում ադրբեջաներեն ցուցադրելու համար։ Այդ համագործակցության արդյունքում մի շարք անուններ արդեն փոխվել են»,- ասել է Ասադովը։

Նա նաև նշել է, որ որոնողական համակարգն ապագայում քարտեզներից ամբողջությամբ կհեռացնի Ղարաբաղում հայկական աշխարհագրական անվանումները: