Լրահոս
Քաղաքական
21:31
22.04.22
271

Հայաստանում սկիզբ առնող ցույցերը կանխորոշելու են Հայաստանի, Արցախի, ողջ տարածաշրջանի ապագան․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Img default alt hy

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է Հայաստանում մեկնարկող պայքարի գործողություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Չափազանց կարևոր մեկ այլ վերջնարդյունք էլ, քաղաքագետի գնահատմամբ, կարող է լինել հայ ժողովրդին կրկին քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոն դարձնելը։

«․․․Մեր այս պայքարի օրակարգը շատ ավելի ընդգրկուն է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Սա Արցախն ու Հայաստանը փրկելու ծրագիր չէ միայն։ Ոչ էլ, առավել ևս, միայն երկիրը կապիտուլյանտներից ու դավաճաններից ազատելու գործ։ Իհարկե, այս երկուսը պետք է մեր գլխավոր նպատակը լինեն։

Բայց այդ նպատակին մենք կհասնենք, եթե կարողանանք լուծել բոլոր խնդիրներից ամենակարևորը՝ հայ ժողովրդին կրկին քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոն դարձնելը։

Մեր ժողովուրդը հստակ պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջն ու նաև մեր մեջ։ Մեր ժողովուրդը կրկին պետք է ունենա ուղենիշներ և մեր ժողովուրդը պետք է վերականգնի իր շահից բխող որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Իսկ դրա համար ոչ ոքի ոչինչ պետք չէ սովորեցնել։

Պետք է պարզապես անկեղծ լինել ժողովրդի հետ շփումներում ու պատրաստ լինել մեծ զոհողությունների։

Երկրորդը՝ Հայաստանում սկիզբ առնող ցույցերը կանխորոշելու են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև ողջ տարածաշրջանի, հնարավոր է նաև այլ տարածաշրջանների ապագան։

Ընդդիմությունը սա պետք է լավ գիտակցի և միշտ գիտակցի, որ Երևանում հնչած ամեն խոսք լսվելու է ոչ միայն մեր փողոցներում ու հրապարակներում, այլև Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում և աշխարհաքաղաքական այլ կենտրոններում։

Սա Հայաստանի վերածննդի և մեծ քաղաքականություն վերադառնալու լավ հնարավորություն է, որից անպայման պետք է օգտվել։

Այնպես որ, Աստծով, հարգելի ընկերներ։ Թող իրագործվեն ձեր ամենաազնիվ բոլոր մտադրությունները»,- գրել է քաղաքագետը տելեգրամյան իր ալիքում։