Լրահոս
Հայաստան
11:26
28.03.22
1 249

«Հասկացանք, Արցախում կյանքեր են կոտորվում, այդ դժբախտությունը մերը չի». Վեդիի ՔՊ աջակից

Img default alt hy

«Մարդ կա՝ տերտեր է սիրում, մարդ կա՝ տերտերի կնկան»,- Վեդիի ՏԻՄ ընտրություններն այսպես Է մեկնաբանեԼ ՔՊ համակիրներից մեկը՝ Ալիկ Սաֆարյանը, որը Վեդիի երաժշտական դպրոցի ուսուցիչներից է ու ինչպես հետո պարզվեց՝ ՔՊ աջակիցներից,  գրում  է «aravot.am»-ը։

Նա վստահեցրել է, որ նախկինի պես լցոնումներ, կոպիտ ընտրախախտումներ, «ռազբորկաներ» չեն եղել Վեդիում. 

«Միսն առանց ոսկոր չի լինում, այդպիսի մարդիկ էլ կան, բայց՝ շատ քիչ, տոկոս չի կազմում»: 

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ Ալիկ Սաֆարյանը պատասխանել է, որ ինքը անձամբ իր ընտրյալը ունի ու աջակցում է նրան: Թե ինչպե՞ս է թեկնածուն դարձել իր ընտրյալը, ծրագրե՞րն է հավանել, զուտ «սիմպատիայով» առաջնորդվել՝ նա պատասխանել է. 

«Օրինակ, նախկին կառավարությանը ես չեմ կարող ընդունել, որովհետև չեն ուտվում, գնացքը գնացել է ու կառչել, կողքի ծառերից բռնվել՝ գնացքը կանգնեցնելու համար չի ստացվի: Դեմոկրատիան պիտի հաղթանակի»: 

Լրագրողը հարցրել է՝ ի՞նչ նկատի ունեք՝ ժողովրդավարության հաղթանակ ասելով՝ նա պատասխանել է, որ ժողովրդավարությունը մտել է Վեդի՝ ընտրությունների տեսքով. 

«Նախ, ընտրություններից հետո այս թևն ու այն թևը իրար թշնամաբար չեն վերաբերվում, իսկ այն ժամանակ իրոնիա կար: Այստեղ դեմոկրատիան կրվում էր, նրանք ասում էին՝ ա՛հ: Բայց հիմա չկա դա, որովհետև բոլորն էլ հասկացել են՝ վերջիվերջո չարը պիտի տապալվի»: 

Երբ նրան հարցրել են՝ այստեղ համայնքապետ եք ընտրում, Արցախում վիճակը լուրջ է, բայրաքթարներ են նորից կիրառում, ի՞նչ եք մտածում այս խնդրի մասին՝ նա պատասխանել է. 

«Հասկացանք, այնտեղ կյանքեր են կոտորվում, բան չունենք ասելու, բայց հասկանում եք, когда лес рубят, щепки летят, այդպես էլ պիտի լինի, իհարկե, դա դժբախտություն է, շատ մեծ, բայց այդ դժբախտությունը մերը չի: Դա մենք չենք ստեղծել, մեզնից առաջ են ստեղծել:

 Մի հատ կինո կար՝ «Операция ы», այնտեղ մի տեղ կար, որ մտնում են պահեստը գողանալու, տեսնում են՝ ամեն ինչ տարել են՝ նախքան մեզ, ինչի՞ են մեզ՝ ժողովրդավարներին մեղադրում: Ինչ արել են՝ իրենք են արել»: 

Դիտարկմանը, որ նախկիններն էլ ասում են՝ մեր օրոք հաղթանակներ են եղել, պարտությունների շղթան հիմա է սկսվել՝ Սաֆարյանն արձագանքել է.

«Հասկացանք, ցավալի է, շատ ցավալի է»: