Լրահոս
Քաղաքական
19:15
24.04.23
224

Հակարիի կամրջի փակվելուց հետո Մեծ Շենը մնացել է երկկողմանի շրջափակման մեջ. «News.am»

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

«Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելու հետևանքով Մեծ Շեն գյուղը մնացել է երկկողմանի շրջափակման մեջ: Այս մասին News.am-ին պատմեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:

«Կապը կտրվել է և՛ Հայաստանի, և՛ Արցախի հետ: Երկկողմանի փակուղու մեջ ենք, եթե մի խնդիր առաջանա, ապա չգիտենք՝ ինչ ենք անելու: Ունենք բնակիչներ, որոնք մնացել են Գորիսում և չեն կարողանում վերադառնալ գյուղ: Մի հատ փոքր երեխա՝ 3 տարեկան, մայրը գյուղում է, երեխան՝ Գորիսում իր ավագ քրոջ և եղբոր հետ»,- պատմեց Դավիթ Դավթյանը:

Գյուղապետի խոսքով՝ կամրջի փակվելուց հետո գյուղում այժմ անորոշություն է. «Ամենացավալին այն է, որ գյուղում մի բուժքույր ունեինք, նա էլ է մնացել Գորիսում: Եթե հանկարծ բնակիչներից մեկը վատանա առաջին օգնություն էլ չենք կարող ցուցաբերել: Գյուղում հիվանդներ էլ կան, մեծահասակներ էլ կան, վախի զգացում ունեն, դրանից ավելի են վատանում»:

Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին  ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը»: