Լրահոս
Հայաստան
00:05
09.01.22
3 606

Գերիներից ում մոտ նկատել են խաչի դաջվածք, մարմնի այդ մասն այրել են կրակայրիչով․ Թաթոյան

Img default alt hy

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է, որ խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ վկայում են Ադրբեջանի թշնամանքի մասին․

«Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել: 

Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել: 

Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը»,- գրել է Թաթոյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝  այս դեպքերը ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են:

Թաթոյանն ընդգծել է՝ պատերազմից հետո ադրբեջանցիների այս քաղաքականության շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը․

«Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո: 

Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: 

Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում»,- եզրափակել է Մարդու իրավունքների պաշտպանը։