Լրահոս
Իրավական
13:44
26.04.21
70

Եթե Փաշինյանը վարչապետի կարգավիճակից բխող ինչ-որ գործողություններ կատարի, հետագայում նաև կարող է մեղադրվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով. Սահմանադրագետ

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է, թե Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին ինչպիսի դիրքորոշում ուներ վարչապետի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի նշանակման հարցի շուրջ:

Ն. Զոհրաբյանը տեղադրել է Փաշինյանի ելույթներից մեկը, որտեղ երբեմնի հեղափոխականը վստահեցնում է, թե վարչապետի հրաժարականից հետո վերջինս չի կարող մնալ պաշտոնակատար, և գրել. «Սա այն եզակի դեպքերից է, երբ միանշանակ համաձայն եմ Նիկոլի հետ։ Այո, Հայաստանի օրենսդրությամբ վարչապետի հրաժարականից հետո վերջինս չի կարող մնալ պաշտոնակատար։ Հայաստանի օրենսդրությունը վերաբերում է նաև Նիկոլին»:

 Սահմանադրագետ Վարդան Այվազյանը ևս համակարծիք է Նաիրա Զոհրաբյանի դիտարկումների հետ. 168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես նկատեց. «Ես էլ եմ համաձայն այն տեսակետի հետ, որ Նիկոլ Փաշինյանի միակ ճիշտ խոսքն է եղել:

Վարչապետի հրաժարականի խնդիրը կարգավորվում է Սահմանադրության  158-րդ հոդվածով:

Այս հոդվածը սահմանում է՝ կառավարության կամ վարչապետի հրաժարականից հետո կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Շեշտում է՝ «կառավարության անդամները շարունակում են» կատարել, իսկ և՛ Սահմանադրությունը, և՛ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը վարչապետին հստակ տարանջատում է կառավարության անդամներից:

Վարչապետի պաշտոնի նշանակման կամ ընտրության լրիվ այլ ընթացակարգ կա, կառավարության մյուս անդամների համար՝ միանգամայն այլ ընթացակարգ, և այդ պարագայում՝ կառավարության անդամները նույնացվում են նախարարների հետ: Այսինքն՝ նախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները, իսկ վարչապետի հրաժարականի դեպքում՝ նա այլևս վարչապետ չէ. սա է Սահմանադրության բովանդակությունը: Եթե Սահմանադրությունը վարչապետին նկատի ունենար, ուղղակի կգրեր՝ կառավարությունը շարունակում է կատարել իր պարտականությունները»:

Իսկ թե Փաշինյանի կողմից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթները ստանձնելն ի՞նչ իրավական հետևանքներ կունենա՝ սահմանադրագետը մանրամասնեց. «Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում. երբ ՀՀ նախագահը, վարչապետը, պատգամավորներն այլևս իրենց պաշտոնում չեն, սակայն շարունակում են պաշտոնավարել, այդ պարագայում արդեն նրանց սպասվում է քրեական պատասխանատվություն:

Այս ընթացքում եթե նախկին վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի կարգավիճակից բխող ինչ-որ գործողություններ կատարի, որոշումներ ընդունի, կառավարության նիստեր հրավիրի և վարի, բնականաբար, հետագայում նաև կարող է մեղադրվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով»: