Լրահոս
Հասարակական
15:08
18.04.22
2 247

Ես Լեոնիդ Ազգալդյանի քիթն եմ ջարդել, որովհետև ինքն է մեղավոր մեր 5000 զոհի համար․ քաղաքացի

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրում է․

«Ապրիլի 14-ին համացանցը վրդովվեց լուրից, որ անհայտ անձը պղծել է Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ ինչ-որ մեկը վնասել էր հերոսի դեմքը։

Նույն օրը ոստիկանությունը հայտնեց, որ «Ապրիլի 13-ին՝ ժամը 18:18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է՝ ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը:

Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է»:

Այսօր մեր խմբագրություն էր այցելել արձանը պղծող քաղաքացին, որը հաճախ է այցելում «Հրապարակի» խմբագրություն եւ գրեթե մշտապես բողոքում է իրավապահների գործողություններից, որ իր դիմումներին ընթացք չեն տալիս, քրեական գործեր չեն հարուցում, չեն պատժում քննիչներին և ոստիկաններին։

Այս անգամ ևս եկել էր բողոքելու ոստիկանների գործողություններից, որոնք «իրեն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին, 3 օր պահել կապեզեում», իրեն ծեծի են ենթարկել Կենտրոնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները, և հիմա բողոքում է՝ ոստիկանությունից իրեն չեն տրամադրում դատաբժշկի ուղեգիր և քրեական գործ չեն հարուցում։ Հետաքրքրվեցինք, թե ինչու են բերման ենթարկել։

Սկզբում նա հրաժարվում էր ասել, թե ինչն է եղել բերման ենթարկելու պատճառը․

«Չեմ ուզում ասել»։

Իսկ երբ ասացինք, որ մինչև չիմանանք բերման ենթարկելու պատճառը, չենք կարող հրապարակում անել, խոստովանեց. 

«Ես եմ վնասել Ազգալդյանի արձանը»։

Պարզվեց՝ 3 օր նրան պահել են մեկուսարանում, և միայն երեկ է դուրս եկել բաժնից։ Մեր հարցին, թե ինչու է գնացել նման քայլի, պատասխանեց․ 

«Ես Լեոնիդ Ազգալդյանի քիթն եմ ջարդել, որովհետև նա ազգի դավաճան է, դրա համար էլ նրան սպանել են։ Որ ինքն ու իր նմանները քիթը չխոթեին էստեղ-էնտեղ, սենց պատերազմ չէր լինի։

Ինքն է մեղավոր 2020 թվականի մեր ունեցած 5000 զոհի համար։ Նա ազգի, հայրենիքի դավաճան ա եղել, դրա համար էլ սպանել են իրեն, գիտե՞ք ով է սպանել դրան՝ իրա ընկերները»։ 

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Երևանի 58-ամյա բնակիչ Կարեն Խաչատրյանն ազատ է արձակվել, քանի որ նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, գործը գտնվում է նախաքննության շրջանում։