Լրահոս
Հասարակական
18:10
22.11.22
108

Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը կարգելվի

Img default alt hy

Երևանում կարգելվի մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը: Երևանի ավագանու նիստում նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ  Տիգրան Ավինյանը:

Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել: Դրանք են՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության  հրապարակը:

«Միևնույն ժամանակ, հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն  տոն օրերին և տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ»,-ասաց նա:

Ավինյանը նշեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ՝ նաև ոչ տոնական օրերին և ոչ վերը նշված հրապարակներում:

«Նախատեսվելու է նաև  հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների»,-հավելեց փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ բացի ավագանու այս որոշումից, կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ և որն առհասարակ արգելում  է հրավառությունների ներմուծումը:

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նախագծին: Նախագծին կողմ արտահայտվեց ավագանու 47 անդամ: