Լրահոս
Տարածաշրջան
19:53
01.02.22
152

Էրդողանը հայտնել է էլեկտրաէներգիայի գների հաշվարկների ճշգրտման մասին

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է էլեկտրաէներգիայի գների հաշվարկների ճշգրտման մասին՝ Բոդրումում և Ռիզեում վերջին թանկացումների դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ 

Էրդողանը էլեկտրաէներգիայի ամենացածր սակագնի համար սպառման ավելի բարձր սահմանաչափ է որոշել․ ամսական 210 կիլովատտ՝ նախկին 150 կիլովատի համեմատ։ Թուրքիան էներգիայի համաշխարհային գների աճից և լիրայի անկումից հետո հունվարի 1-ին էլեկտրաէներգիայի գները բարձրացրել է սպառման ցածր մակարադակ ունեցող տնային տնտեսությունների համար և 100 տոկոսով՝ բարձր պահանջարկ ունեցող առևտրային սպառողների համար:

Անցյալ տարի լիրայի 44 տոկոս կորուստները հանգեցրել են կտրուկ ինֆլյացիայի, ընդ որում դեկտեմբերին սպառողական գների ինֆլյացիան հասել է 36,1 տոկոսի, ինչը 2002 թվականից հետո ամենաբարձր մակարդակն է:

Թուրքական «BOTAŞ» գազատար ընկերությունը նույնպես հունվարի սկզբին 25 տոկոսով թանկացրել է բնական գազի գինը։ Երեքշաբթի օրը նա հայտարարել է էլեկտրակայաններին մատակարարվող գազի 14 տոկոսով թանկացման մասին։

Ռիզեում, որտեղ Էրդողանի ընտանիքը ապրում էր Ստամբուլ տեղափոխվելուց առաջ, ամբոխը հավաքվել է քաղաքի գլխավոր հրապարակում՝ կոչ անելով կառավարությանը չեղարկել գների բարձրացումը։ Նրանք նաև ուշադրություն են հրավիրել հացի և բենզինի թանկացման վրա։

Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիները որոշ ժամանակ ստիպված կլինեն կրել բարձր ինֆլյացիայի բեռը։

Նրա կառավարությունը կտրուկ քննադատության է ենթարկվել քաղաքական ընդդիմության և որոշ տնտեսագետների կողմից այն բանի համար, որ անցյալ տարվա վերջին կենտրոնական բանկին հրամայել է նվազեցնել տոկոսադրույքները՝ չնայած ինֆլյացիայի կտրուկ աճին: Էրդողանը պնդում է, որ բարձր տոկոսադրույքներն առաջացնում են ինֆլյացիա, ինչը հակասում է ավանդական տնտեսական այն տեսությանը, որի համաձայն դրույքաչափերը կարելի է օգտագործել գների աճը վերահսկելու համար:

Թուրքիան ներկրում է իր սպառած բնական գազի և վառելիքի գրեթե ողջ ծավալը, ինչը նշանակում է, որ նա չի կարող պաշտպանություն ապահովել էներգակիրների համաշխարհային գների աճից: