Լրահոս
Միջազգային
15:15
21.08.22
85

Էրդողանը դիտարկում է արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶԼՄ

Img default alt hy

Թուրքիայի նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են 2023 թվականի հունիսի կեսերին, կարող են անցկացվել 2022 թվականի աշնանը, «News.am»-ի փոխանցմամբ՝ գրում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) աղբյուրներին և ԵՄ դիվանագետներին։

Հրատարակության համաձայն՝ կան որոշ նշաններ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ժամանակից շուտ ընտրություններ անցկացնել, որոնց կազմակերպչական աշխատանքները կարող են տեղի ունենալ բավականին արագ։

Գալիք ընտրություններին Էրդողանի նախապատրաստությունը ցույց տվող նշանների թվում, ըստ դիվանագետների, միջազգային քաղաքականության մեջ Թուրքիայի նախագահի գործունեության աճն է: Այդ գործողություններից են Միջերկրական ծովում թուրքական գազի արդյունահանման ծրագիրը, որի շրջանակում օգոստոսի 9-ին Մերսին նավահանգստից մեկնել է «Աբդուլհամիդ Խան» նավը՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածի հանքավայրերը ուսումնասիրելու նպատակով։ Բացի այդ, օգոստոսի կեսերին Էրդողանն անձամբ այցելել է Ուկրաինա, որտեղ հանդիպել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Այս բոլոր գործողությունները կոչված են ցույց տալու Թուրքիայի ղեկավարի ուժը՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ՝ կարծում են հրապարակման աղբյուրները, և Թուրքիայում հասարակական տրամադրությունների հնարավոր աճը թուրքական տնտեսության կարճաժամկետ վերականգնումից հետո ամռան վերջում Էրդողանը կարող է ընտրությունների անցկացման պատճառ համարել՝ հայտնվելով իր համար շահեկան վիճակում:

Թուրքիայում տարեկան գնաճը 2022 թվականի հուլիսին հասել է 79,6 տոկոսի, որն ամենաբարձրն է 1998 թվականից ի վեր, մինչդեռ գներն ընդամենը մեկ ամսում աճել են 2,37 տոկոսով։ Սրանք արժութային և տնտեսական ճգնաժամի հերթական փուլի արդյունքներն են, որում երկիրը գտնվում է արդեն մի քանի տարի։

Դրա պատճառներից մեկը, ըստ վերլուծաբանների, Էրդողանի՝ տնտեսական աճը խթանելու համար տոկոսադրույքների իջեցման քաղաքականությունն է, որը սկսվել է 2018 թվականին։ Դա արվել է Կենտրոնական բանկի ղեկավարի խորհրդին հակառակ, ինչի պատճառով լիրայի փոխարժեքը ռեկորդային ցածր մակարդակի է հասել և մեծացրել ծախսերը մի երկրում, որը կախված է նյութերի և էներգիայի ներմուծումից։

2021 թվականի աշնանը երկրում գնաճը սկսել է էլ ավելի ուժեղանալ՝ լիրան կտրուկ անկում է ապրել այն բանից հետո, երբ երկրի Կենտրոնական բանկը նվազեցրել է փոխարժեքը՝ մինչև 14 տոկոս: Իսկ 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժման տնտեսական հետևանքները և լիրայի շարունակական անկումը խթանել են գնաճը: 2021 թվականին արժույթը դոլարի նկատմամբ թուլացել է 44 տոկոսով, իսկ այս տարի՝ ևս 27-ով։

2018 թվականից նախագահը աշխատանքից ազատել է կենտրոնական բանկի երեք ղեկավարների, և չնայած շարունակվող գնաճին և համաճարակի տնտեսական հետևանքներին, 2021 թվականին նա հայտարարել է երկրում լիարժեք տիեզերական ծրագիր կազմակերպելու իր մտադրության մասին:

Նախաձեռնությունը հակասություններ է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Թեև ոմանք ոգևորվել են այդ գաղափարով, մյուսները կասկածի տակ ենն դրել դեպի Լուսին ծախսատար առաքելության նպատակահարմարությունը: Ընդ որում, առաքելության մասին հայտարարվել էր դեռևս լիրայի փոխարժեքի աշնանային կտրուկ անկումից առաջ, սակայն նույնիսկ այս իրադարձություններից հետո Էրդողանը չի հրաժարվել տիեզերական ծրագրից, գրել է Deutsche Welle-ն։