Լրահոս
Հասարակական
14:18
19.02.22
126

«Էլ ի՞նչ զիջենք, մենք զիջելու բան չունենք, սրանից հետո պետք է մեր բնակավայրերը զիջենք». Գևորգ Փարսյան

Img default alt hy

Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Իրանից Հայաստան եկող երկու ճանապարհ ունեինք, մեկն անցնում էր Որոտանով, մյուսն էլ Տաթևի այլընտրանքային ճանապարհով, որը հիմա մեր համար օգտագործելի միակ ճանապարհն է։ Նախկինում ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` բեռնատարների համար Տաթևի այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է:

Այն հատվածները, որոնք որ իրական վտանգներ են առաջացնում բեռնատարների համար, այս պահի դրությամբ կարծես թե կառուցվում է շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Դա Տաթև-Լծեն ճանապարհն է և Վերին Խոտանանի շրջանցող ճանապարհը»,- ասել է նա:

Դեռ այլընտրանքային ճանապարհը ամբողջությամբ ավարտին չի հասցվել և Հայաստան մտնող բեռնատարները հաճախակի են մնում ճանապարհին` ցեխակույտի մեջ:

Փարսյանը, չնայած ստեղծված դժվարություններին, հնարավոր համարում է նաև Որոտանով անցնող հիմնական ճանապարհի վերադարձնելը մեր վերահսկողության ներքո: Հիշեցնենք, որ այն հակառակորդին էր հանձնվել պատերազմից հետո` բանավոր համաձայնության արդյունքում:

«Ամեն ինչ էլ հնարավոր է, ուղղակի պետք է կամք, ցանկություն և ճիշտ քաղաքականություն, կարծում եմ, ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասաց նա:

Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, որ Կապանի մոտակայքում կրկին դիրքեր են զիջվելու հակառակորդին, Փարսյանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի և հավելեց. «Մենք որևիցե խնդրահարույց հատվածներ որպես այդպիսին չունենք, որ տանք, զիջենք: Էլ ի՞նչ զիջենք, մենք զիջելու բան չունենք: Սրանից հետո, որ մի բան զիջենք, պետք է մեր բնակավայրերը զիջենք»:

Փարսյանը ստեղծված իրավիճակում կարևորեց Կապանի մոտակայքում անվտանգային գոտու ստեղծումը:

«Թշնամու այդքան մոտ հեռավորությունը Կապանին, արդեն իսկ վտանգներ է ներկայացնում: Այս պարագայում շատ կարևոր է անվտանգության գոտու ստեղծումը` ադրբեջանական զորքերի հետքաշումով, որովհետև նրանք ուղիղ խնդիր են առաջացնում մեր բնակավայրերի համար:

Ես չեմ պատկերացնում մեր զորքերի հետ քաշվելը, այստեղ միայն պետք է  ադրբեջանական զորքերը հետ քաշվեն, որովհետև ուղիղ սպառնալիք են մեր բնակավայրերի համար»,- հավելել է նա: