Լրահոս
Հայաստան
23:29
13.01.22
4 491

Եղբայրը սպանել է եղբորը Կոշ գյուղում

ՀՀ Ոստիկանությունը գրում է, որ հունվարի 12-ին Կոշ գյուղում կատարված դեպքը դետեկտիվ ֆիլմի էր նման։

Ժամը 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 40-ամյա տղամարդուն իր տանը մահացած են գտել: Դին հյուրասենյակում հայտնաբերել էր եղբայրը և 1-02 զանգել: Դիակի զննությամբ դեմքին արնանման հետքեր են հայտնաբերվել: Նրան սպանել էին, կամ մահը վրա էր հասել ծեծելուց որոշ ժամանակ անց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել՝ դատաբժշկական փորձաքննություն:

Սպանության մասով առաջ են քաշվել տարբեր վարկածներ: Իրավապահները զրուցել են հարևանների, հետո դարձյալ հանգուցյալի եղբոր հետ, որը նրանից երկու տարով էր փոքր ու նույն հասցեում էր բնակվում: 

Հետաքրքիր էր` երբ էր տեսել նրան հյուրասենյակում ընկած, տանն էր եղել, թե դրսից էր եկել. հարցեր, որոնք ոչ այնքան պատասխաններ, որքան նոր հարցեր էին առաջ բերում` ուրվագծելով զարհուրելին։

Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ հանցագործությունը կատարել էր տուժողի 38-ամյա եղբայրը` նախկինում դատապարտված: Վիճել էին, ապա ծեծել էր ավագ եղբորը, մարմնական վնասվածք հասցրել, ինչն էլ մահվան պատճառ էր դարձել։

38-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Նա ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։