Լրահոս
Միջազգային
10:06
27.05.22
183

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ կանցկացվի

Img default alt hy

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի Ղրղըզստանի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ «Միջոցառումը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ներկա միջազգային իրավիճակը»,- ասվում է ղրղըզական կողմի հայտարարության մեջ։ Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած ԵԱՏՄ նախորդ գագաթաժողովը համավարակի պատճառով նույնպես անցկացվել է տեսակապով։

Նիստում կնախագահի Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովը։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներից բացի, դրան որպես դիտորդներ կմասնակցեն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։ Կազմակերպությունն ունի ևս մեկ դիտորդ՝ Մոլդովան։

Օրակարգում ընդգրկված է 14 հարցի քննարկում։ Դրանց թվում են՝ ԵԱՏՄ անդամ պետությունների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները, 2021 թվականին ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքները և ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացումը։

Պետությունների ղեկավարներին կզեկուցվի 2021 թվականի արդյունքներով մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների կատարման ընթացքի, 2021 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման մասին։

ԵԱՏՄ-ի տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու նպատակով Բարձրագույն խորհրդի անդամները կքննարկեն ազատ առևտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ Ինդոնեզիայի Հանրապետության հետ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև 2022 թվականի մարտի 14-ին ստորագրված ժամանակավոր համաձայնագրի արձանագրության ուժի մեջ մտնելու հարցը, որը վերաբերում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը։