Լրահոս
Քաղաքական
10:40
25.03.23
146

Բոլոր մակարդակներում Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի՝ Արցախի ուղղությամբ ադրբեջանական ճնշումն այս փուլում հիմնականում դրսևորվում է 2 հարթությունում:

«Առաջինը քաղաքական-քարոզչական մակարդակում դրսևորվող ագրեսիվ քաղաքականությունն է` Արցախին ագրեսոր և պարտավորություններ չիրացնող սուբյեկտ ներկայացնելով:

Ադրբեջանն այս ճանապարհին փորձում է Արցախ մտնող հումանիտար բեռն ու ռազմավարական նշանակության բեռները որպես ռազմամթերք և զորքերի տեղափոխում ներկայացնել, ինչն, ըստ ադրբեջանական կողմի, լեգիտիմ իրավունք է ստեղծում «հակաահաբեկչական օպերացիա» իրականացնելու, ասել է թե` հարված հասցնելու համար:

Ադրբեջանական ապատեղեկատվությունը մեծ ծավալների է հասնում, ինչն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում:

Երկրորդը՝ Ադրբեջանը համակարգված ձևով կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին, որը 2 նպատակ է հետապնդում` խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքները և սրել պարենային անվտանգության խնդիրը, ահաբեկել ու վախի մթնոլորտ ստեղծել/խորացնել արցախցիների շրջանում:

Բոլոր մակարդակներում` քարոզչականից մինչև պաշտպանական, Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա:

Հենց դիմակայության արդյունավետությունից է կախված իրադարձությունների հետագա ընթացքը», - ֆեյսբուքում գրել է Աբրահամյանը: