Լրահոս
Քաղաքական
12:46
15.04.21
56

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել. ԲԴԽ նախագահ են ուզում նշանակել Գագիկ Ջհանգիրյանին

Img default alt hy

ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն են ստացել՝ քրեական գործի հարուցման մասին։

Նշենք, որ թեև դատավորի դեմ քրեական գործ հարուցելու համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է հաղթահարել նրա գործառութային անձեռնմխելիությունը՝ ստանալով ԲԴԽ թույլտվությունը, հակառակ դեպքում՝ դատավորի դեմ իրականացվող քրեական հետապնդումը համարվում է ապօրինի, այս պարագայում Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։

Գրիգոր Բեքմեզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատախազությունը գտել է, որ գործառութային անձեռնմխելիության խնդիր չկա, ուստի՝ ԲԴԽ-ի համաձայնությունը պետք չէ։ Բեքմեզյանը նշեց, որ գործի նյութերին դեռևս ծանոթ չէ, ուստի՝ այլ մեկնաբանություն տալ չի կարող։

Հարցին՝ արդյո՞ք խնդրահարույց չի համարում, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման, Բեքմեզյանը պատասխանեց, որ ոչինչ չի կարող ասել։ Նյութերին ծանոթանալուց հետո միայն կարող է բարձրաձայնել՝ խնդրահարույց է, թե ոչ։

«Քանի որ այս պահին ես չգիտեմ, թե ինչի հիման վրա է հարուցվել քրեական գործը, մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող որևէ բան ասել»,- նշեց Բեքմեզյանը։

Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո գործընթացներին և նրա լիազորությունների ժամանակավորապես կասեցմանը, Բեքմեզյանը նշեց, որ, եթե քրեական գործ է հարուցվում, լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են և ԲԴԽ տարիքով ավագ անդամը ժամանակավորապես կկատարի ԲԴԽ նախագահի պարտականությունները՝ մինչև քրեական գործի հարցը վերջնական լուծվի։ Այսինքն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Գագիկ Ջհանգիրյանը։

Դիտարկմանը, որ արդյո՞ք այս քրեական գործի հարուցումը և ստեղծված իրավիճակը կարող է պայմանավորված լինել նաև ի սկզբանե Գագիկ Ջհանգիրյանին՝ ԲԴԽ գործուղելու, վեթինգ իրականացնելու, դատարանների և ԲԴԽ-ի նկատմամբ ճնշումներ գործադրելու, հակակշիռներ ստեղծելու մասին շրջանառվող լուրերին, հատկապես վերջին շրջանում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի և դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքի պարագայում, Բեքմեզյանն կրկին արձագանքեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի դեռ չի ծանոթացել գործի նյութերին,հետևաբար նաև՝  հարուցման հիմքերին։

Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք չի կարծում, որ սա կարող է ճնշում լինել անձամբ պարոն Վարդազարյանի և հետագայում նաև ԲԴԽ-ի նկատմամբ, Բեքմեզյանը հույս հայտնեց, որ նման բան չի կարող լինել։

Հարուցված քրեական գործի վերաբերյալ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, սակայն նա չցանկացավ խոսել այդ թեմայով։